Կիպրոսի Հանրապետության խորհրդարանի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրինագիծը ջղաձգումների մեջ է գցել թուրքական իշխանություններին։ Այդ մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանը միաձայն դատապարտեց ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու դեմ օրինագիծ: «Սա խոսում է այն մասին, որ Կիպրոսի խորհրդարանը հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության գաղափարին, հին հունական ժողովրդավար սկզբունքներին, եւ ԵՄ անդամ Կիպրոսի պետությունը դատապարտում է ոչ միայն ցեղասպանությունը, այլ թուրքական ժխտողականությունը»,-նկատել է Շարմազանովը։
Ըստ ԱԺ փոխնախագահի, այս ամենը չէր կարող անհետեւանք մնալ: «Նման որոշումները ջղաձգումների մեջ են գցում թուրքական իշխանություններին: Գործը հասել է նրան, որ պարոն Էրդողանն անում է ոչ տրամաբանական, անհեթեթ հայտարարություններ, որը անտրամաբանական է նույնիսկ նրանց համար, որոնք մասնակցելու են Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներին»,-ասել է նա:
Անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, թե «հայերն իրենք են հարմարեցրել Ցեղասպանության 100-րդ տարելիցի նշումը Գալիպոլիի ճակատամարտի հետ», Շարմազանովն ասել է. «Սա ցինիզմի ամենավերջն դրսեւորումն է: Բայց ուզում եմ իմ թուրք գործընկերներին ու նրանց բարեկամներին հիշեցնել, որ պետք չի շատ ոգեւորվել Գալիպոլիով: Այդ բանակը ուղիղ երեք տարի անց 1918թ-ի մայիսին խայտառակ պարտություն է կրել Հայոց առաջին պետության եւ հայկական բանակին՝ Սարդարապատում: Եթե չգիտեք, իմացեք»։




























