Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Իտալիայի Հանրապետություն եւ հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ:

Այցի շրջանակներում ապրիլի 10-ին նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Վիտտորիանո թանգարանային համալիր, որտեղ կդիտի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը: Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Հանրապետության նախագահը ապրիլի 11-ին ներկա կգտնվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ կարդինալ Սեպեի կողմից մատուցվելիք եկեղեցական արարողությանն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման եւ օծման արարողությանը: Իտալիայում նախատեսված է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը միջազգային կազմակերպություններից մեկի՝ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ:

Հանրապետության նախագահն ապրիլի 12-ին կայցելի Վատիկան, որտեղ կմասնակցի Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվելիք պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: