Հայաստանն արդեն ազատականացրել է օդային հաղորդակցությունը 6 երկրների հետ։ Օրակարգում են եւս 11 երկիր։ Այս մասին ապրիլի 8-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Նրա խոսքով՝ օդային տարածքն ազատականացնելու մասին պայմանագրեր են վերակնքվել Ավստրիայի, Ռուսաստանի, Իրանի, Իսպանիայի, Թուրքմենստանի եւ Իրաքի հետ։ Ավարտին են մոտենում բանակցությունները Կատարի, Քուվեյթի, Հորդանանի, Հունաստանի, Լեհաստանի, Իռլանդիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի եւ Թաիլանդի հետ։ Բոլոր այս դեպքերում երկրները միմյանց նկատմամբ կկիրառեն բաց երկնքի քաղաքականությունը, իսկ մի շարք դեպքերում՝ միմյանց հնարավորություն կտան ուղեւորներ վերցնել 3-րդ երկրներ չվերթներ իրականացնելու համար։





























