Ադրբեջանական պատվիրակության անհեթեթ վարքը Վիետնամում նկատեցին բոլորը։ Այս մասին ապրիլի 8-ին լրագրողներին հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ մեկնաբանելով մարտի 26-ից ապրիլի 1-ը Հանոյում միջխորհրդարանական վեհաժողովի 132-րդ նիստում հայկական պատվիրակության մասնակցությունը։
Ադրբեջանական պատվիրակությունը բոյկոտել էր նախորդ 2 նիստերը այն բանից հետո, երբ Վեհաժողովը չեղյալ էր հայտարարել Բաքվում կայանալիք նիստը եւ հետաձգել էր այն։ «Այս անգամ նրանք ժամանել էին 2 պատգամավորով։ Չգիտես ինչու, նրանց հետ էր Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչը»,- նշեց Աճեմյանը։
Մարդու իրավունքների հարցերի շուրջ հրավիրված նիստում Ադրբեջանի ներկայացուցիչը միանգամից սկսեց խոսել «20 տոկոս օկուպացված հողերի մասին»՝ ուշադրություն չդարձնելով, որ ելույթի թեման այլ է։ Պատվիրակության ղեկավարը դժգոհություն հայտնեց այն կապակցությամբ, որ վեհաժողովի փաստաթղթերում ընդգրկված չեն իրենց պահանջները։
«Ես հանգիստ պատասխանեցի, որ Հայաստանը ոչինչ չի օկուպացրել, իսկ մեր երկրի ղեկավարությունը կողմ է բանակցային գործընթացին։ Դրանից հետո ադրբեջանական կողմը լքեց դահլիճը եւ այլեւս չներկայացավ նիստերին։ Տպավորություն էր, որ նրանք չգիտեն, թե ուր են գնացել, ինչի համար են գնացել, ուղղակի ամենուր նույն բանն են խոսում։ Նրանց ելույթը բոլորի մոտ զարմանք եւ ներողամիտ ժպիտ առաջ բերեց»,- ասաց Աճեմյանը։





























