Սիրիայի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ջիհադ ալ-Լահամը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին անմոռուկով կրծքանշան է ստացել: Այս մասին ապրիլի 8-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նա ամփոփել է մարտի 26-ից ապրիլի 1-ը Հանոյում կայացած Միջխորհրդարանական վեհաժողովի (IPU) 132-րդ նստաշրջանին հայկական պատվիրակության մասնակցությունը:
Աճեմյանի խոսքով, իր հետ զրույցում Սիրիայի խորհրդարանի ղեկավարը հայտարարել է, որ երկիրն ապրիլի 24-ին Հայաստանում ներկայանալու է բարձր մակադակով, քանի որ Դամասկոսի համար դա արդիական հարց է:
«Ալ-Լահամն ընդգծեց, որ սիրիական իշխանությունները մեծ հարգանքով են վերաբերվում հայերին, քանի որ հայերը մնում են Սիրիայում եւ պայքարում են խաղաղության համար»,- նշեց Աճեմյանը:
Հանդիպման ավարտին ալ-Լահամն ընդունել է իրեն մատուցված անմոռուկով խորհրդանշական կրծքանշանը:





























