Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլսին:
ՀՀ գլխավոր դատաախազը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ ՀՀ դատախազության եւ ԱՄՆ դեսպանատան միջեւ համագործակցությունը կշարունակվի՝ դառնալով առավել նպատակային եւ արդյունավետ: Դեսպան Միլսի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է դատախազության համակարգի առջեւ դրված գերակա խնդիրները:
Գ. Կոստանյանը վստահեցրել է, որ համակարգի առջեւ դրված առաջնային խնդիրները շարունակում են մնալ կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ արդյունավետ պայքարը, անպատժելիության մթնոլորտի բացառումը, օրենքի եւ արդարության գերակայությունը: ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում քրեական քաղաքականության իրականացման գործում դատախազության դերին՝ իրավունքներին եւ պարտականություններին: Գեւորգ Կոստանյանը նշել է, որ դատախազության աշխատանքի թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ նախագահին եւ Ազգային Ժողովին ներկայացրած տարեկան հաղորդման վերաբերյալ կլինեն խորհրդարանական լսումներ՝ առաջին անգամ, որտեղ ՀՀ գլխավոր դատախազն անձամբ կներկայացնի կատարված աշխատանքների արդյունքները:
Դեսպանը վերահաստատել է դատախազության կողմից իրականացվող բարեփոխումներին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը, ընդգծելով, որ իրենք եւս կողմնակից են գործնական եւ տեսանելի արդունքներով գործակցությանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացվող եւ իրականացվելիք բարեփոխումներին ԱՄՆ դեսպանատան աջակցության ոլորտների եւ ծավալների ճշգրտման նպատակով պարբերաբար կազմակերպել հանդիպումներ եւ խորհրդակցություններ:





























