ԱՄՆ ոչ մի սենատոր չի հերքում Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին այսր՝ ապրիլի 9-ին խորհրդարանում հայտարարել է ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ ելույթ ունենալով Ցեղասպանությունը ճանաչելու կոչով հանդես գալու հայտարարության նախագծի քննարկմանը։

«Ես հիշում եմ 2010թ. ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովում ունեցած հանդիպումը։ 46 սենատորներից եւ ոչ մեկը, այդ թվում նրանք, որոնք դեմ քվեարկեցին, մեզ հետ զրույցում չէին հերքում այդ հանցագործությունը։ Բոլորն ասում էին, որ Ցեղասպանությունը պետք է ճանաչել եւ դատապարտել։ Իսկ պատճառը, թե ինչու չեն անում, ասեմ՝ շահերի մեջ են՝ տնտեսական եւ քաղաքական»,- նշել է Զաքարյանը։

Քննադատելով Հայ ազգային կոնգրեսին՝ Զաքարյանն ասել է, թե Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին միայն երեք երկիր է ճանաչել Ցեղասպանությունը՝ Ռուսաստանը, Կանադան ե Լիբանանը, իսկ խորհրդային տարիներին միայն Ուրուգվայն ու Կիպրոսը։ Եւ միայն պահանջատեր իշխանությւոնների օրոք մեկուկես տասնյակ պետություններ ճանաչել։

«50 տարի հայ ժողովուրդը պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման համար, եւ եթե պետք լինի, եւս 50 տարի կամ ավելի կպայքարի»,- ասել է Զաքարյանը։