«Հայռուսգազարդը» շարունակում է պահպանել Հայաստանի խոշորագույն հարկատուի իր դիրքը՝ առաջին կիսամյակի արդյունքներով վճարելով ավելի քան 10 մլրդ դրամ (մոտ 27 մլն դոլար) հարկեր։ Այդ մասին նշված է Պետեկամուտների կոմիտեի այսօր հրապարակած խոշոր հարկատուների ցանկում։ 2010 թ. առաջին եռամսյակից հետո «Հայռուսգազարդը» համարյա կրկնակի կամ 5 մլրդ դրամով (13,5 մլն դոլար) ավելացրել է վճարված հարկերի ծավալը, ինչը մյուս ընկերությունների համեմատ ռեկորդային բարձր ցուցանիշ է։ Այդ աճին նպաստել է այն հանգամանքը, որ ապրիլի մեկից բնակչությանը եւ խոշոր սպառողներին մատակարարվող գազը թանկացել է մոտ 40 տոկոսով։
Երկրորդ եռամսյակում հարկերի վճարման բավական բարձր մակարդակ է ապահովել նաեւ Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգը»՝ 8,5 մլրդ դրամ (մոտ 23 մլն դոլար) եւ երկրորդ տեղ։ Այս ընկերությունը, որ մի շարք ոլորտներում գերիշխող դիրք ունի, հարկերի վճարման աճով զիջում է միայն «Հայռուսգազարդին»։
«ԱրմենՏելը» վճարել է 7,2 մլրդ դրամ (մոտ 19,5 մլն դոլար) եւ պահպանում է երրորդ տեղը՝ առաջ անցնելով հեռահաղորդակցության շուկայում իր մրցակիցներից։ Մասամբ դա պայմանավորված է նաեւ նրանով, որ «ԱրմենՏելը» զգալի հարկեր է վճարում ֆիքսված հեռախոսակապից, սակայն ընկերության վճարած հարկերի աճը հիմնականում պայմանավորված է բջջային շուկայում առաջխաղացմամբ։ Բացի այդ՝ «ԱրմենՏելը» առաջատար է շահութահարկի վճարումների գծով՝ 2,2 մլրդ դրամ (մոտ 6 մլն դոլար)։
«Ղ-Տելեկոմը» առաջին կիսամյակի արդյունքներով կարողացել է շրջանցել «Ֆլեշին» եւ զբաղեցնում է չորրորդ տեղը՝ վճարելով 7,2 մլրդ դրամ՝ համարյա նույնքան, որքան «ԱրմենՏելը»։ Բջջային մյուս օպերատորը՝ «Օրանժ Արմենիան» վճարել է 2,8 մլրդ դրամ (7,5 մլն դոլար) եւ զբաղեցնում է 11-րդ տեղը։ Նշենք, որ ընկերությունը առաջին եռամսյակից հետո 8-րդն էր եւ վճարել էր 1,6 մլրդ դրամ (4,3 մլն դոլար)։
Խոշոր հարկատուների ցանկում 5-րդ եւ 6-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են բենզինի եւ դիզվառելիքի շուկայի ավանդական մենաշնորհատերերը՝ «Ֆլեշն» ու «Սիթի փեթրոլ գրուպը»։ Հատկանշական է, որ «Ֆլեշը» միշտ պարտաճանաչ վճարում է նույն ծավալի հարկեր, որ կիսամյակի կտրվածքով կազմում է 5,4 մլրդ դրամ (14,5 մլն դոլար)։ Սա հետեւանք է նրա, որ բենզինի եւ դիզվառելիքի ներմուծումը հարկվում է հաստատագրված վճարներով, այսինքն՝ կախված չէ գնից։ «Սիթի փեթրոլ գրուպը», որ «Քաղփեթրոլսերվիսի» իրավահաջորդն է, սովորաբար մի փոքր զիջում է հիմնական մրցակցին՝ 4,7 մլրդ դրամ (մոտ 12,5 մլն դոլար)։
Վերջապես խոշոր հարկատուների տասնյակ է ներխուժել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ 4,2 մլրդ դրամ (11,3 մլն դոլար) եւ 7-րդ տեղ։ Ցավոք՝ այս ցուցանիշը չի կարելի բավարար համարել, եթե հաշվի առնենք, որ մոլիբդենի եւ պղնձի միջազգային գները բարձրացել են, իսկ ընկերությունը մոտ 1,5 անգամ ավելի շատ հանքանյութ է արդյունահանում։ Համեմատության համար նշենք, որ ոչ շատ հեռու անցյալում՝ 2008 թ. առաջին կիսամյակում, այս ընկերությունը վճարել էր 7,9 մլրդ դրամ (մոտ 21 մլն դոլար)։ Երկար տարիներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եղել է Հայաստանի խոշորագույն հարկատուն։
8-րդ խոշոր հարկատուն Հայաստանի էլեկտրական ցանցերն է՝ 3,2 մլրդ դրամ (մոտ 8,6 մլն դոլար)։ Ընկերության վճարած հարկերին նպաստում է հանրապետությունում էլեկտրաէներգիայի սպառման ծավալների որոշ աճը։
Սիգարետներ ներմուծող խոշորագույն ընկերությունը՝ «Վիդիս դիսթրիբյուշնը» 3,1 մլրդ դրամով (8,3 մլն դոլար) զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ Նրան կրնկակոխ հետեւում է սիգարետի տեղական արտադրող «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը», որը համարյա նույնչափ հարկեր է վճարել եւ զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։ Առայժմ իր դիրքերը չի կարողանում վերականգնել «Գրանդ տոբակոն», որը նախկինում միշտ էլ տեղ է զբաղեցրել խոշոր հարկատուների տասնյակում, իսկ ներկա դրությամբ 32-րդն է եւ վճարել է 1,1 մլրդ դրամ (մոտ 3 մլն դոլար)։
Ընդհանուր առմամբ 32 ընկերություն պետական բյուջեին 1 մլրդ դրամից ավելի հարկեր է վճարել։ 2009 թ. նման ընկերությունները 32-ն էին, իսկ 2008-ին՝ 31-ը։




























