Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պատրիկ Դեւեջյանի նախաձեռնությամբ Օ-դը-Սեն նահանգի «Սո» պարտեզներում ապրիլի 11-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի ընթացքում հանդիսավորությամբ բացվեց քանդակագործ Թորոս Ռաստկլանի հեղինակած «Հայաստանի արծիվը» հուշարձանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցեցին Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը եւ Արա Թորանյանը, Անտոնիի հայ-ֆրանսիական ակումբի ղեկավար Վիսամ Նեմեն, տեղական իշխանությունների եւ ֆրանսահայ կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Դեսպան Չիտեչյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Պատրիկ Դեւեջյանին՝ գեղեցիկ նախաձեռնության եւ քանդակագործ Թորոս Ռաստկլանին՝ իր հիասքանչ ստեղծագործության համար:

Անդրադառնալով տեղական իշխանությունների կողմից Հայաստանի բնակավայրերի հետ ապակենտրոնացված համագործակցությանը՝ դեսպան Չիտեչյանն իր գոհունակությունը հայտնեց Անտոնի քաղաքի եւ Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի միջեւ վերջերս պաշտոնականացված բարեկամական համագործակցության առնչությամբ:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը համամարդկային արժեքներին նվիրվածության վկայություն է», - նշեց դեսպանը՝ դիմելով նահանգային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին: