Նիկոսիայի շրջանային դատարանը գործարար Սուլեյման Քարմովի ակտիվների վրա 250 մլն դոլարի չափով հայտն ապահովող միջոցներ է դրել։ Այս մասին գրում է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Պարբերականի զրուցակիցը ենթադրում է, որ դատարանի որոշումը պայմանավորված է Լոնդոնի միջազգային արբիտրաժի որոշմամբ, որը մեկ տարի առաջ Քերմովին հարկադրել էր 250 մլն դոլար վճարել ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանին։ Հենց այդքան գումար էր ծախսել նախկին պատգամավորը «Մոսկվա» հյուրանոցի շինարարության վրա։
Համաձայն Լոնդոնի արբիտրաժի որոշման՝ Քերիմովը Եղիազարյանին առաջին տրանշը պետք է վճարեր 2014թ. նոյեմբերին, սակայն նա հրաժարվել էր վճարել եւ բողոք էր ներկայացրել։
Քերիմովի առանցքային ակտիվները տնօրինող «Նաֆտա Մոսկվա» ընկերությունում հաստատել են, որ Կիպրոսի դատարանը դեռեւս հունվարի 13-ին հայցը ապահովող ժամանակավոր ստանդարտ միջոցներ էր ձեռնարկել Լոնդոնի արբիտրաժի որոշման օգտին։ «Նաֆտա Մոսկվա» ընկերությունը հայտարարել է, որ Լոնդոնի արբիտրաժային դատարանում բողոքի հարցով որոշում դեռ չի կայացվել, ուստի Կիպրոսում հայցվորի գործողությունները Քերիմովի կողմը դիտարկում է որպես գործի ընթացքի վրա գործադրվող ճնշում։ Ընկերությունից տեղեկացրել են, որ Կիպրոսի դատարանի որոշումը նույնպես բողոքարկման գործընթացի մեջ է գտնվում։
Համաձայն պարբերականի տեղեկությունների՝ «հայցն ապահովող ստանդարտ միջոցների» տակ են հայտնվել «Անժի» ֆուտբոլային ակումբը, «Սինեմա պարկ» կինոթատրոնների ցանցը, Polyus Gold-ի բաժնեմասերի փաթեթները եւ անշարժ գույք ունեցող ընկերությունների մասնաբաժինները։ Սառեցվել է նաեւ Քերիմովի անձնական ունեցվածքը։
2010թ. Եղիազարյանը եւ նրա ներկայացուցիչները Լոնդոնի եւ Կիպրոսի դատարաններ հայց էին ներկայացրել։ Պատասխանող կողմն էր Քերիմովը, Արկադի Ռոտենբերգը, նրա գործընկեր Կոնստանտին Գոլոշապովը, Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը եւ նրա կինը Ելենա Բատուրինան։ Եղիազարյանը Քերմովին մեղադրում էր «Մոսկվա» հյուրանոցի իր մասնաբաժինը գողանալու մեջ։



























