Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի արած հայտարարությունը  դիվանագիտական լարվածության ալիք է առաջ բերել Թուրքիայի եւ Վատիկանի միջեւ։ Վատիկանի ռադիոյի ներկայացուցիչ Ստեֆան Քեմփիսը գերմանական Dom Radio-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հարաբերություններում ոչ մի սրացում չի տեսնում եւ կարծում է, որ իրավիճակը կհանդարտվի։ Ստորեւ որոշակի կրճատումներով ձեզ ենք ներկայացնում այդ հարցազրույցը։

Ֆրանցիսկոսը շատ հստակ բառեր ընտրեց՝ վկայակոչելով Հովհաննես 2-րդի ստորագրած փաստաթղթում Ցեղասպանության հիշատակումը։ Այնպես որ դա նոր բան չէր։ Սակայն այդուհանդերձ, Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին։ Դա սպասելի՞ էր։

Այո, մենք սպասում էինք եւ անկեղծ ասած՝ իրականում դա Թուրքիայի կողմից բողոք հայտնելու դիվանագիտական ստոր միջոց էր։ Այն, որ Պապը կխոսի Ցեղասպանությունից եւ Թուրքիան դրա դեմ կբողոքի, մեզ համար սպասելի էր։ Հիմա դիվանագիտական արվեստի նոր ձեւ է դարձել սկզբում բռնկվել, հետո նորից կրքերը հանդարտեցնել։

Այսինքն՝ այս ամենը միայն դիվանագիտական արձագա՞նք է։

Իրականում այո։ Դրա հետ մեկտեղ պետք է լուրջ ընդունենք, որ Պապը խորապես համոզված է իր խոսքերում եւ կարծում է, որ անցյալի սխալներից պետք է դասեր քաղենք։  Չպետք է մոռանանք. Պապը հիշեցրեց, որ այս պահին մենք գտնվում ենք նոր համաշխարհային պատերազմի մեջ, որը տանում է նոր ցեղասպանությունների։ Եվ հենց այս իմաստով էլ Ցեղասպանություն բառը չպետք է նման զայրույթի կամ թվացյալ վրդովմունքի ալիքներին կուլ գնա։

Պապը ողջ պատարագը հայկական ծիսակարգով մատուցեց։ Ուրիշ ի՞նչ ասաց նա հայերին։

Նա մանրամասն հիշատակեց 100 տարի առաջ հայերի տառապանքների մասին։ Սակայն նա միաժամանակ նշեց,  որ հայերը միայն նահատակների եւ տառապանքի ժողովուրդ չեն, այլ այսօրվա եւ ապագայի ազգը։ Կոնկրետ ինձ համար այս ես ենթատեքստում Պապի ուղերձն այն էր, որ նա շեշտադրում է ոչ միայն անցյալի տառապանքն ու ցավը, այլ կոչ է անում  նոր խիզախությամբ առաջ նայել եւ տեսնել, որ այդ դեպքերից հետո  ինչպես է փոխվել աշխարհը։

Թուրքիայի ԱԳՆ-ն Պապի  հայտարարությունը որակեց պատմական փաստերից եւ իրավական հիմքերից հեռու ելույթ։  Ի՞նչ է լինելու հետո։ Ի՞նչ է նշանակում դեսպանի հետկանչը։

Դեսպանին խորհրդակցությունների համար  հետ կանչելը իրականում դիվանագիտական բողոքի առաջին քայլն է, որին որպես կանոն հետեւում է բողոքի նոտա։ Դա հնարավորություն է իրենց կառավարության դիրքորոշումը այստեղ հայտնել Վատիկանին։ Դեսպանին Անկարա կանչելը սուր քայլ էր։ Դա դեսպանին երկրից հետ կանչելուն եւ դիվանագիտական հարաբերությունները սառեցնելուն  նախորդող քայլ կարող է լինել, բայց ես չեմ  կարծում, որ Թուրքիան իր արարքներում այդքան հեռուն կգնա։