Հայոց ցեղասպանության մասին Հռոմի Պապի արած հայտարարությունը ցեղասպանությունն առհասարակ տեղափոխում է համաշխարհային քրիստոնեական պատմության ենթատեքստ։ Սա համամարդկային եւ համաքրիստոնեական նշանակության իրադարձություն էր։ Այս մասին ապրիլի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքով, Վատիկանում կատարվածը բոլորովին այն չէ, ինչպես ներկայացնում են մամուլում։ «Այս իրադարձությունը դասվում է տարբեր երկրների ներկայացուցիչների կողմից ցեղասպանությունները ճանաչելու մասին արված հայտարարությունների շարքում։ Միաժամանակ, սակայն, սա շառ ավելի խոշոր հայտարարություն էր, եւ դրա ենթատեքստը բոլորովին այլ էր։
Այս հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման ընդլայնման շարքից չէր։ Սա նույնը չէ, ինչ մի երկրի ղեկավար հայտարարի Ցեղասպանության ճանաչման մասին։ Հռոմի Պապը քաղաքական գործիչ չէ։ Նա համաշխարհային մասշտաբի հոգեւոր առաջնորդ է։ Նա Հայաստանը, հայկական մշակույթը, հայ հոգեւոր ժառանգությունը համաշխարհային քրիստոնեական արժեքներին եը Տիեզերական եկեղեցուն հավասար դասեց։ Այն, ինչ նա ասաց «Նարեկի» մասին, Ցեղասպանության 100-ամյակից հետո էլ մոռացության չի մատնվի։ Դա չափազանց կարեւոր իրադարձություն էր։ Նա չի դիմում միայն հայերին. Նա ասում է, որ Ցեղասպանությունը չի կարելի մոռանալ»,- հավելեց Իսկանդարյանը։




























