Թերթն իր խմբագրականում գրում է. «Վերջին շրջանում բավականին շատ են «երրորդ ուժի» մասին խոսակցությունները: Այդ խնդրին անդրադառնում են հիմնականում Հայ ազգային կոնգրեսի նեկայացուցիչները՝ բնականաբար, բացասական շեշտադրումներով. իշխանությունը, վստահ են կոնգրեսականները, ցանկանում է գրպանային ընդդիմություն ստեղծել եւ անունն էլ դնել «երրորդ ուժ»: Գուցե իշխանությունն իսկապես մշակում է նման գաղտնի ծրագրեր, եւ ՀԱԿ-ը հստակ տեղեկություն ունի դրանց մասին, սակայն առայժմ, որքան ինձ հայտնի է, որեւէ ուժ իրեն չի ներկայացրել որպես «երրորդ»:
Քիչ թե շատ ազդեցիկ կուսակցություններից Դաշնակցությունը կամ «Ժառանգությունը» դժվար թե համաձայնեն այդ դերին ու ամենակարեւորը՝ համաձայնելու դեպքում էլ չեն կարողանա կատարել այդ գործառույթը: Ավելի մանրերի մասին խոսելն ավելորդ է: Եթե «երրոդ ուժ» նշանակում է կոալիցիայում կամ Կոնգրեսում չգտնվելու պարագայում Տեր-Պետրոսյանին «պարտվողականության» մեջ մեղադրել, ապա, անշուշտ, այստեղ մենք ունենք «հայրենասիրության» եւ «ազգասիրության» հարյուրավոր վարպետներ, որոնք բոցաշունչ ելույթներ են ունենում՝ ա/ իշխանությանը քծնելու, բ/Քոչարյանին ռեանիմացնելու, գ/Լեւոնի հետ հին հաշիվները մաքրելու, դ/իրենց մասին հասարակությանը հիշեցնելու նպատակով, ե/ ներքին համոզմունքից ելնելով: Բայց սա դասական իմաստով «երրորդ ուժ» չէ՝ որպես իշխանության հատուկ «պրոյեկտ»: Նման նախագծեր, հիշեցնեմ, ի հայտ են գալիս, որպես կանոն, ընտրություններից առաջ»:




























