Նախորդ տարիների համեմատ՝ ոստիկանությունում բռնության դեպքերը նվազել են։ ԵԽ ՄԻ հանձնակատար Նիլս Մուժնիեկսի զեկույցն այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։
Նա նշեց, որ ոստիկանությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Նիլս Մուժնիեկսը նկատել է համակարգի առաջընթացը, քննադատական որեւէ զրույց չի եղել հանդիպման ժամանակ։
«Ոստիկանությունում բռնության դեպքերը բացառել ընդհանրապես չեմ կարող, բայց նախորդ տարիների համեմատ նվազում է եղել»,- ասաց Հունան Պողոսյանը։
ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ նշեց, որ ոստիկանությունն ամեն ինչ անում է, որ ծեծը բացառվի։
«Տպավորությունն այնպիսին է, որ սա նախորդ զեկույցի արտատպումն է։ Փաստացի ոչինչ չկա նշված, թե բռնության ինչ դեպքեր են տեղի ունեցել։ Ամեն դեպքում բռնության դեպքերը զրոյի են հասցված»։
Նշենք, որ 2014թ.-ի հոկտեմբերին Հայաստան այցելած՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը ծավալուն զեկույցում է պատրաստել՝ անդրադառնալով նաեւ Հայաստանում ոստիկանական բռնություններին։
«Հանձնակատարին լրջորեն մտահոգում են շարունակաբար ստացվող տեղեկությունները ոստիկանության և իրավապահ այլ մարմինների կողմից խոշտանգման ու դաժան վերաբերմունքի մասին, ինչպես նաև՝ դրա հետ կապված անպատժելիության խնդիրը, որոնց նպատակը հաճախ ինքնախոստովանական ցուցմունք ստանալն է»,- ասված է հայտարարության մեջ։





























