«Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է հուլիսի 28-ին Մարտունու զորամասում տեղի ունեցած միջադեպին: Հրապարակումը ներկայացնում ենք որոշակի կրճատումներով: «Երեւանցի Կարո Այվազյանը, որը Մարտունու զորամասում ծառայելիս է եղել եւ կատաղության նոպայի ժամանակ հուլիսի 28-ին գնդակահարել է 5 հոգու, ապա ինքն իրեն, մանկուց ապրել է ԱՄՆ-ում։ 13 տարեկանում ընկել է բանտ եւ 2009 թվին՝ խաթարված առողջությամբ արտաքսվել Հայաստան։ Նրա 70-ամյա պապը խնդրել է Արաբկիրի զինկոմիսարիատին, որ թոռանն ազատեն բանակից՝ անկայուն հոգեվիճակի եւ վատ առողջության պատճառով։ Ծերունուց 4 հազար դոլար են ուզել, որը նա, բնականաբար, չի ունեցել։ 3 տարեկանից միայնակ մոր՝ Մարո Միքայելյանի հետ տուրիստական վիզայով տեղափոխվել էր ԱՄՆ՝ այլեւս չվերադառնալու մտադրությամբ։ 13 տարեկանում տղան բանտ է ընկել ու էլ բերդերից դուրս չի եկել մինչեւ 2009 թվականը։ Մայիսին խաթարված առողջությամբ եւ վատ հայերենով արտաքսվել է Հայաստան։ Նրա 70 տարեկան պապը խնդրել է Արաբկիրի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արմեն Հակոբյանին, որ թոռանն ազատի բանակից անկայուն հոգեվիճակի, վատ առողջության պատճառով կամ գոնե որպես միակողմանի ծնողազուրկի, ծառայության ուղարկի մոտ զորամաս։ Ծերունուց այդ ծառայության համար 4 հազար դոլար են ուզել, որը թոշակառուն, բնականաբար, չի ունեցել։ Կարոյին ուղարկում են ԼՂՀ Մարտունու շրջան։
N ԶՈՐԱՄԱՍԻ ԲԵՆ ԼԱԴԵՆԸ
«Զորամասում Կարոյին կատակով ասում էին Բեն Լադեն։ Նախ, որովհետեւ հայերեն վարժ չէր խոսում։ Նաեւ գիտեին նրա բանտային անցյալի մասին, որ արտերկրում զենք է կրել, «կրուտոյ» է եղել, մի քանի անգամ փախել է ամերիկյան բերդից, ինչը հեշտ չէ։ Կարոյի պապը պատմում է, որ տղայի մահից մի քանի օր առաջ իրեն զորամասից զանգեցին եւ զգուշացրեցին, որ Կարոն ուզում է փախչել։ Պապը զարմացել է, թեեւ խոստովանում է, որ միշտ էլ սիրտը վատ բան էր զգում՝ այն պահից, երբ օդանավակայանում տեսավ 20 տարեկան թոռնիկին։
«Նրան երկու օր չէին թողնում, որ երկիր մտնի։ Ուզում էին փող տամ։ Մինչեւ չասեցի՝ չեմ տանում, ուղարկեք Թուրքիա, չթողեցին գա։ Ասում էին՝ ՀՀ քաղաքացի չի։ Եթե պետք չէր, թող չտանեին իմ երեխուն բանակ»,-մղկտում է ծերուկը։ Բանակի հարցը բարձրացավ, երբ պապ ու թոռ գնացին անձնագիր հանելու։ Անձնագրայինից ուղարկեցին զինկոմիսարիատ։ Երկու օրից ծանուցագիրը եկավ։ Ջիվան Միքայելյանը ԱՄՆ-ի բերդերի թղթերը ձեռքին ընկավ դռնեդուռ։ Զինկոմիսարիատում բացատրեց, որ իր թոռը եղել է հոգեբուժարանում, որ ԱՄՆ բերդից թուղթ ունի, որ նրան արգելվում է զենք կրել. «Զինկոմիսարիատի բաժանմունքի պետ Արմեն Հակոբյանը ինձնից պահանջեց 4 հազար դոլար՝ տվեք, ասեց, էս երեխային չենք տանի բանակ։
Մենք էլ չունեինք։ Ասեց՝ դե տես ինչ եմ անելու։ Ինքն էլ կազմակերպեց, եւ երեխուն տարան։ Ես բողոքեցի՝ Արմեն Հակոբյանին հանեցին, մի քանի ժամանակ մնաց կադրերի տրամադրության տակ, , հետո տարան ուրիշ զինկոմիսարիատ»։ Ջիվան պապը վստահեցնում է, որ Արմեն Հակոբյանն արեց իր խոստացած վատությունը։ Կարոյի հետ նույն օրը բանակ մեկնած 29 զինակոչիկներից միայն իրեն տարան Ղարաբաղ։
ՀՈՐԴ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՉԵՍ ԲԵՐԵԼ
Բայց պապը չհանգստացավ։ Բողոքը բողոքի հետեւից ուղարկում էր դատախազություն, ՊՆ, հանրապետական զինկոմին, զգուշացնում էր, որ իր թոռը վտանգավոր հոգեվիճակ ունի, պահանջում էր, որ թոռանը որպես անհայր երեխայի՝ տեղափոխեն մոտ զորամաս, քանի որ նա միակողմանի ծնողազուրկ է։ «Զինծառայողի տեղափոխումը զորամասից զորամաս կատարվում է բացառիկ դեպքերում, ելնելով ծառայողական անհրաժեշտությունից»,– պատասխանում է ՁՈւ կազմզորամասային վարչության պետ գնդապետ Մարտիկյանը։ «Բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվում է միայնակ եւ տարիքային կենսաթոշակի անցած կամ երրորդ խմբի հաշմանդամ մոր կամ հոր միակ զավակը»,– պատասխանում է գեներալ-մայոր Չալյանը։
Իր բողոքի վերջին եւ ամենացնցող պատասխանը ծերունին ստացավ մեկ շաբաթ առաջ՝ 21.07.2010-ին Արաբկիրի զինկոմիսարիատի պետ գնդապետ Քարամյանից. «Ձեր թոռնիկի՝ 89թ. ծնված Կարո Այվազյանի նկատմամբ վերոնշյալ օրենքի պահանջները չեն կիրառվել, քանի որ նրա կողմից Արաբկիրի զինկոմիսարիատում զորակոչային հանձնաժողով անցնելու ժամանակ ծնողի մահվան փաստի մասին որեւէ հայտարարություն չի արվել եւ համապատասխան փաստաթուղթ զինկոմիսարիատ չի ներկայացվել»։ Մինչդեռ Կարոյի մայրը միայնակ էր, իսկ հորը տղան չի էլ հիշել։




























