Ստացված դատաբժշկական եւ գենետիկական փորձաքննությունները ապացուցում են, որ Գյումրիում Ավետիսյանների տանը բոլոր կրակոցներն արձակվել են մեկ անձի կողմից։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողներին ասաց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։

«Սենյակների դասավորությունից, արձակված կրակոցների ուղղությունից, նաեւ զենքի, հագուստի վրա հայտնաբերված ԴՆԹ-ից պարզ է դառնում, որ կրակոցներն արձակվել է մեկ մարդու՝ Պերմյակովի կողմից։ Տունն այնքան փոքր է եղել, որ նույնիսկ 1-ից ավելի անձանց գտնվելու դեպքում, նրանք միմյանց կվնասեին»,-ասաց Լուսինե Սահակյանը։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն էլ հավելեց, որ գազի վառարանի վրա հայտնաբերվել է ծխախոտի ծխուկ, որը Պերմյակովին է պատկանել։

«Տանը հայտնաբերված բոլոր իրերի վրա, որոնք առնչություն ունեն հանցագործության հետ հայտնաբերվել է Պերմյակովի ԴՆԹ-ն»,-ասաց իրավահջորդի ներկայացուցիչը։

Այնուամենայնիվ, ըստ փաստաբանների, վերջնական արդյունքը պարզ կլինի համալիր փորձաքննությունից հետո։

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին: Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը միջնորդությամբ դիմել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝  Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության դեպքով հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին փոխանցելու հարցով: