Արժույթի միջազգային  հիմնադրամը 2 տոկոսային կետով նվազեցրել է Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ՀՆԱ-ի աճի կանխատեսումները՝ հասցնելով դրանք 3.2 տոկոսի։ Պատճառը այդ երկրների խոշորագույն գործընկեր Ռուսաստանի Դաշնության ճգնաժամն է եւ նավթի գների անկումը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Տարածաշրջանային տնտեսության զարգացման հեռանկարներ» հիմնադրամի մայիսյան տեղեկագիրը։

«Նավթի գների կտրուկ անկման եւ ռուսական տնտեսության կանխատեսելի անկման ֆոնին 2015թ.  Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի զարգացման հեռանկարները վատթարանում են։ Այս տարի աճը կպակասի 2 տոկոսային կետով եւ կկազմի 3.2 տոկոս»,- ասված է տեղեկագրում։

2016թ. տարածաշրջանում ՀՆԱ-ն կկազմի 4.2 տոկոս։ Բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 3 տոկոսը, իսկ 2016թ.՝ 1 տոկոսը։ Տարեկան սղաճը՝ 7 եւ 6 տոկոս համապատասխանաբար։

Այս ցնցումներին դիմակայելու համար ԱՄՀ-ն խորհուրդ է տալիս կառուցվածքային բարեփոխումներ անցկացնել բյուջեի ոլորտում, պայքարել աղքատության դեմ եւ դեպի Ռուսաստան աշխատանքային միգրացիային աջակցելու փոխարեն սեփական աշխատաշուկան բացել։

Տարածաշրջանի տնտեսության առաջին ցնցումը նավթի գների անկումն է։ Կարեւորագույն խաղացողները՝ Ղազախստանը, Ադրբեջանը եւ Թուրքմենստանը, սեփական բյուջեն են ձեւավորում՝ ելնելով այն գնանշումներից, որոնք 2014թ. Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կազմում էին 100 դոլար, իսկ 2015թ. հունվարին նվազեցին մինչեւ 49 դոլար։ Բնականաբար այդ երկրները իրենց ՀՆԱ-ի աճը պահել չկարողացան։

Տարածաշրջանի երկրները կախված են ոչ միայն նավթի գներից, այլ նաեւ ՌԴ ֆինանսական կայունությունից։ Այս իմաստով կարեւոր դեր են խաղում Ռուսաստանից կատարվող դրամական փոխանցումները։ Բնականաբար այս փոխանցումները նման պարագայում ուղղակի պակասել են։

«Ռուբլու դիրքերի թուլացումը ավելի կնվազեցնի Ռուսաստանից Հայաստան, Ղրղզստան, Տաջիկստան կատարվող դրամական փոխանցումների արժեքը»,- նշում են վերլուծաբանները։

Արտահանման ծավալների անկումը եւ դրամական փոխանցումների նվազումը ճնշում են գործադրում տարածաշրջանում ազգային արժույթների վրա։ Արդյունքում Թուրքմենստանը եւ Ադրբեջանը 2015թ. սկզբին դեվալվացիայի ենթարկեցին իրենց արժույթը։

Հայաստանը, Վրաստանը, Տաջիկստանն ու Ղրղզստանը թույլ տվեցին իրենց արժույթները նվազեն դոլարի համեմատ։

ՀՆԱ աճի ամենացածր ցուցանիշը Հայաստանում է։ 2015թ. այն նվազել է 1 տոկոսով, իսկ 2016թ. համար դրական կանխատեսում չկա։ Ընդ որում, սղաճը 2015թ. կազմել է 4 տոկոս, իսկ 2016թ. կանխատեսվում է 6.4 տոկոս։

Այս ցնցումներին դիմակայելու  համար միայն ճկուն դրամական քաղաքականություն վարելը բավական չէ, ինչպես արել են տարածաշրջանի  մի շարք երկրներ։ Անհրաժեշտ է ներքին ռեսուրսների հաշվին բարձրացնել կայունությունը։ Կենսականորեն կարեւոր է կառուցվածքային բարեփոխումների անցկացումը, աղքատության հաղթահարումը, ինչպես նաեւ աշխատատեղերի բացումը, եզրափակում է Արժույթի միջազգային հիմնադրամը։