ԱՊՀ երկրների ԶՈւ  մարտական հրաձգության «Մեծ համագործակցություն 2015» համատեղ զորավարժությունները կկայանան սեպտեմբերի 7-25-ը։ Այս մասին հունիսի 3-ին ԱՊՀ պետությունների ՊՆ ղեկավարների խորհրդ նիստում հայտարարել է ՌԴ ՕՏՊ զորքերի հրամանատար գեներալ լեյտենանտ Ալեքսանդր Գոլովկոն։

«Համատեղ զորավարժությունները առաջարկվում է անցկացնել սեպտեմբերի 7-25-ը։ Թեման կլինի «ԱՊՀ անդամ պետությունների հակաօդային պաշտպանության եւ ավիացիայի խմբավորումների նախապատրաստումը եւ համատեղ կիրառումը հակաահաբեկչական գործողությունների եւ զինված հակամարտությունների կոլեկտիվ անվտանգության շրջաններում»,- ասել է Գոլովկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Զորավարժությունների մյուս նպատակն է ուսումնասիրել զորքերի համատեղ կիրառման ժամանակ առաջ եկող խնդրահարույց հարցերը։

Զորավարժություններին մասնակցելու համաձայնություն են տվել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պաշտպանության նախարարները։