Sotheby's աճուրդի տունն օգոստոսին վաճառքի կհանի աշխարհի ամենաթանկ ավտոմեքենաների հավաքածուն՝ կազմված հետպատերազմական 23 եզակի մեքենաներից: Gear Patrol-ի փոխանցմամբ, հավաքածուի նախնական արժեքը ռեկորդային է՝ 65 մլն դոլար:

Առայժմ հայտնի է միայն մի քանի ավտոմեքենայի մասին: Մասնավորապես, հավաքածուում ընդգրկված է լեգենդար McLauren F1 մեքենան՝ ամենաթանկ LM տարբերակով: 1998 թվականի արտադրության ավտոմեքենան 12 մլն դոլար է գնահատվում:

Ըստ Gazeta-ի, մեկ այլ կոլեկցիոն ավտոմեքենա՝ Ferrari Enzo-ն, այդ մոդելի 400-րդ եւ թողարկված վերջին մեքենան է: Ferrari ընկերությունն այն նվիրել էր Հովհաննես Պողոս II պապին՝ կազմակերպության այն ժամանակվա ղեկավար Լուկա Մոնտեջեմոլոյի ինքնագրով: Պապի մահից հետո մեքենան 1.1 մլն դոլարով վաճառել են անհայտ ամերիկացու:

Հավաքածուում Bugatti Veyron մոդելի առաջին եւ վերջին մեքենաները, որոնցից ընդամենը 300 հատ կա, գոյություն ունեցող 20 Lamborghini Reventon մեքենաներից մեկը, Ferrari-ի 6 դասական մոդելներ, Porsche-959 հազվագյուտ մոդելը, շվեդական Koenigsegg CCXR սուպերքարը եւ բրիտանական Jaguar-ի առաջին սուպերքարը՝ XJ220-ը: