NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «Strategic Europe»-ի գլխավոր խմբագիր, Քարնեգիի Եվրոպական կենտրոնի ավագ գիտաշխատող Ջուդի Դեմփսիի՝ կենտրոնի կայքում հրապարակված հոդվածը:

1978 թվականի օգոստոսին՝ 10 տարի անց այն բանից հետո, երբ Վարշավայի պայմանագրի ուժերը ներխուժեցին Չեխոսլովակիա՝ Պրահայի գարունը կանգնեցնելու համար, լեհ եւ չեխոսլովակ առաջատար այլախոհների խումբը հանդիպեց Լեհաստանի եւ Չեխոսլովակիայի սահմանին գտնվող Կրկոնոշե լեռան վրա: Հանդիպումը եզակի հնարավորություն էր՝ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ նրանց շարժման նպատակները համեմատելու համար:

Իսկ այսօր ավելի սերտ համագործակցության են ձգտում Արեւելյան Եվրոպայի քաղաքացիական հասարակությունները: Ինչպես 1970-ականների այլախոհները, այսօր էլ ակտիվիստները Մոսկվային մեծ սպառնալիք են համարում, հատկապես 2014 թվականի մարտին Ղրիմը Ռուսաստանին բռնակցելուց եւ Ուկրաինայի արեւելքում պատերազմից հետո: Եվ, ինչպես այլախոհները, Եվրոպան որպես իրենց քաղաքական տուն են դիտարկում:

Լեհ եւ չեխոսլովակ այլախոհների համար, ամեն ինչից զատ, շարժառիթ էր 1975 թվականի Հելսինկիի եզրափակիչ ակտը: Երկրորդ աշխարհամարտից հետո Արեւելքի եւ Արեւմուտքի ներկայացուցիչների կողմից ստորագրված այդ հիմնարար փաստաթուղթը մարդու իրավունքներին կարեւորագույն կարգավիճակ էր շնորհում, որից պետք է այլախոհներն օգտվեին՝ պայքարելու եւ քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար:

40 տարի անց Հելսինկիի եզրափակիչ ակտն ավելի քան արդիական է նրանց համար, ովքեր ապրում են նոր Արեւելյան Եվրոպայում՝ Ուկրաինայում, Բելառուսում, Մոլդովայում եւ Հարավային Կովկասում:

Կրկոնոշե լեռան հանդիպման մասին ինձ հիշեցրեցին, երբ Արեւելյան Եվրոպայի քաղաքական հասարակության շարժումների ներկայացուցիչները հունիսի 3-4-ը հավաքվեին Կիեւում՝ անվտանգության հարցերը քննարկելու համար: Ֆորումի անդամները, որոնցից շատերը երիտասարդներ էին, ցանկանում են ապրել բաց եւ անվտանգ երկրներում, որոնք այլեւս չեն կառավարվում բռնակալ կամ կոռումպացված ռեժիմների կողմից եւ չեն ենթարկվում Ռուսաստանի ազդեցությանը: Նրանք ցանկանում են ավելի լայն եւ ավելի անվտանգ Եվրոպայի մաս կազմել:

Եվրամիությունը կարող է շատ բան անել՝ քաղաքացիական հասարակության այդ շարժումները սատարելու համար, չնայած այն հսկայական ճնշումներին, որոնց ենթարկվում են Ադրբեջանի եւ Բելառուսի ակտիվիստները: Այսպիսով, Արեւելյան Եվրոպայում Ռուսաստանի ազդեցությունն «Արեւելյան գործընկերության» երկրներին ստիպում է խոստովանել, թե ինչու պետք է համագործակցեն միմյանց հետ եւ ինչու են ցանկանում ավելի մերձենալ ԵՄ-ին, միությունը նույնպես իր արեւելյան հարեւաններին ավելի կայուն եւ ստեղծագործական մոտեցմամբ դիմելու մեծ հնարավորություն ունի: Դա չանելու համար որեւէ արդարացում չկա: