«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարել է Երեւանում 3G ցանցի ունակության եռապատկման մասին: Ներկա պահին մայրաքաղաքում Beeline ցանցի շարժական ինտերնետի բաժանորդների մոտ ելքային տրաֆիկի միջին արագությունը 3ՄԲ/վ է:
«Ընդլայնելով երրորդ սերնդի ցանցը Երեւանում` մենք ավարտեցինք 2010թ-ի ընթացքում նախատեսված 3G ցանցի ունակության եռապատկման ծրագրի առաջին փուլը: Հիմա հերթը շրջաններին է, որտեղ արդեն ակտիվորեն տարվում են աշխատանքներ եւ կավարտվեն մինչեւ տարեվերջ: Այս ամենի հետ մեկտեղ, HSUPA տեխնոլոգիայի ներդրման շնորհիվ մենք կարողացանք ուղիղ 10 անգամ ավելացնել ելքային տրաֆիկի արագությունը»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Մինչեւ տարեվերջ ընկերությունը նախատեսում է զգալիորեն ընդլայնել 3G ցանցի ունակությունը Հայաստանի շրջաններում տեղադրելով եւս 100 բազային կայան: Նշենք, որ 2010 թ-ի հունվարին «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարել էր Հայաստանի ողջ տարածքում 3G ցանցի ունակության կրկնապատկման մասին:
3G տեխնոլոգիայի միջոցով տվյալների փոխանցման մաքսիմալ արագությունը տեսականորեն 14.4 ՄԲ/վ է: Գործող ցանցերում պրակտիկորեն հասանելի արագությունը սովորաբար չի գերազանցում 3ՄԲ/վ-ը: HSUPA ստանդարտում, որտեղ հիմնական շեշտը դրված է ելքային տրաֆիկի վրա, տվյալների փոխանցման մաքսիմալ արագությունը (upload) թեորեապես հասնում է մինչեւ 5.7 ՄԲ/վ-ի:




























