NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Քարնեգիի Եվրոպական կենտրոնի հրավիրյալ գիտաշխատող Մարկ Պյերինիի՝ այդ կենտրոնի կայքում հրապարակված հոդվածը:
Խորհրդարանական ընտրություններն ուղղակի կամ անուղղակի ցուցադրեցին Թուրքիա-ԵՄ հարաբերություններում հույսի եւ հուսահատության փոփոխական փուլերը:
Նախ՝ ընտրարշավի մասին: Բազմաթիվ առումներով այդ արշավն այնքան հեռու էր ԵՄ-ի քաղաքական պրակտիկայից, որքան ընդհանրապես կարելի է պատկերացնել. ծայրահեղ բեւեռացում, բռնություն եւ մահ, լրագրողների դեմ ուղղակի հարձակումներ, հակաարեւմտյան հռետորաբանություն եւ այլն:
Դիտարկենք հունիսի 7-ին կայացած քվեարկությունն ու քվեաթերթիկների հաշվարկը. այս գործընթացներն անցան ԵՄ-ի ժողովրդավարության չափանիշներին համապատասխան՝ ընտրողների կողմից արժանապատվության ցուցադրությամբ եւ քաղաքացիական զանգվածային մոբիլիզացման պայմաններում:
Վերցնենք առաջին արդյունքները. ԱԶԿ-ի 12-ամյա միանձնյան կառավարման աջակցությանը եւ հզոր նախագահական ռեժիմի ներդրմանն ուղղված արշավներից հետո, ժողովրդավարական քվեարկությունը ճիշտ հակառակ արդյունքների հանգեցրեց: Դա ե՛ւ քաղաքական լանդշաֆտում հավասարակշռության կտրուկ փոփոխություն էր, ե՛ւ բարձրաձայն «ոչ» նախագահական ռեժիմի հեռանկարին:
Արդյո՞ք ընտրություններից հետո Թուրքիան ավելի կմերձենա ԵՄ-ին: Այս հարցին կարելի է պատասխանել միայն մի քանի հիպոթեզի հիման վրա:
ԵՄ-ի տեսանկյունից համապարփակ հիպոթեզը կայանում է նրանում, արդյո՞ք երկիրը կիրականացնի իր Սահմանադրությունը: Եթե հինգ ընտրողից երեքը մերժում է առաջարկվող գերնախագահական համակարգը, կասկած չի մնում, որ ժողովուրդը ցանկանում է խորհրդարանական համակարգ՝ հակակշիռներով:
Հաջորդ հիպոթեզը հետեւյալն է. արդյո՞ք կգերակայեն իրավունքն ու հիմնական ազատությունները, այդ թվում՝ լրատվամիջոցների ազատությունը, հաջորդ կառավարության համար դրանք առաջնահերթություն կլինեն:
Մեկ այլ հիպոթեզ կապված է Թուրքիայի արեւմտյան խարսխի հանդեպ նոր կառավարության վերաբերմունքի հետ: Անհապաղ կարգով ԻԼԻՊ-ի հանդեպ Անկարայի դիրքորոշման պարզաբանումը լակմուսի թղթի դեր կկատարի մի երկրի համար, որը ներկայում ՆԱՏՕ-ի անվտանգ հովանու ներքո է գտնվում: Նույն կերպ, եթե ապագա կառավարությունը հստակ աջակցություն ապահովի Կիպրոսի հարցի համապարփակ լուծման հարցում, բարելավի Հայաստանի հետ դիվանագիտական եւ սահմանային հարաբերությունները, վերադառնա Իսրայելի հետ լիարժեք դիվանագիտական հարաբերություններին եւ կատարի հակահրռիթային պաշտպանության մասին ՆԱՏՕ-ի գծով ստանձնած պարտավորությունները, կամրապնդի հարաբերություններն արեւմտյան աշխարհի հետ եւ, միաժամանակ, Կիպրոսի հարցով համաձայնության շնորհիվ, կվերականգնի բանակցությունները Եվրամիության հետ:





























