Բրիտանական արքայազն Հարրին ավարտել է զինվորական կարիերան եւ առաջիկա երեք ամիսներին հարավային Աֆրիկայում բնապահպանական ծրագրերով է զբաղվելու, այդ թվում՝ փղերի եւ ռնգեղջյուրների փրկությամբ: Այս մասին հաղորդել է Քենսինգթոնյան պալատի մամուլի ծառայությունը:
Ուելսի արքայազն Չարլզի կրտսեր որդին մասնակցել է Աֆղանստանում ռազմական գործողությունների, Apache ռազմական ուղղաթիռի հրամանատարի պաշտոնի որակավորում անցել, մասնակցել Ավստրալիայի զինված ուժերի զորավարժություններին եւ վիրավորված զինծառայողների համար Invictus Games մարզական մրցումներ կազմակերպել: Հարրին զինվորական կարիերան ավարտում է Blues and Royals գնդի կապիտանի աստիճանով:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, արքայազն Հարրին բրիտանական թագավորական ընտանիքի ամենահայտնի անդամներից է: Գահի ժառանգորդների ցանկում նա հինգերորդն է՝ հորից, եղբորից եւ նրա երկու երեխաներից հետո:
Արքայազնը հայտնի է ինչպես քաջությամբ եւ բարեսրտությամբ, այնպես էլ զվարճանքների հանդեպ երբեմն չափազանց հակվածությամբ, որը պատանեկության տարիներին հաճախ սկանդալների է հանգեցրել:




























