Կանադական Գալիֆաքս քաղաքում ճանապարհային ոստիկանը տուգանել է կարմիր խաղալիք մոտոցիկլը սխալ կայանած 3 տարեկան իրավախախտին: Այս մասին հաղորդում է ABC-ը:

Ըստ Gazeta-ի, տղան իր փոքրիկ տրանսպորտային միջոցը թողել է շոգենավերի տերմինալի կողքին, կայանումն արգելող նշանի տակ: Տեսնելով դա՝ երեխայի հայրը դիմել է ոստիկանին՝ առաջարկելով «պատժել» մեծացող իրավախախտին:

«Հիշե՛ք, շոգենավերի տերմինալի մոտ գտնվող գոտում մոտոցիկլի կայանումն արգելված է: Ահա թե ինչպիսի իրավախախտի երեկ բռնեցինք»,- Twitter-ում գրել է իրավապահը:

Փոքրիկ մոտոցիկլավարի ծնողների փոխանցմամբ, իրենց որդուն շատ է դուր եկել առաջին տուգանքի անդորրագիրը, եւ դրանից չի ուզում բաժանվել անգամ քնելիս: