Բրիտանուհի Ջեմմա Ռոջերսը փոխել է անունը, որպեսզի կարողանա վերականգնել իր Facebook մուտքը: Ըստ The Telegraph-ի, հիմա 30-ամյա բրիտանուհուն կոչում են Ջեմմարոիդ ֆոն Լաալաա:

Ռոջերսը Facebook-ում էջ է բացել 2008 թվականին: Նա կեղծանունով է հանդես եկել՝ անծանոթների եւ «կպչուն» ընկերների հարցումներից խուսափելու համար: Հունիսին բրիտանուհին սոցցանցից հաղորդագրություն է ստացել, որտեղ նրան խնդրել են ապացույցներ ուղարկել, որ անունն ու էջն իրական են:

Կնոջ խոսքով, վախենալով, որ իր էջը կարող են արգելափակել, փորձել է խմբագրել իր բանկային քարտի պատկերը եւ ֆոն Լաալաա անունը նշել: Հաջորդ օրն իսկ Ռոջերսի էջն արգելափակվել է:

Ըստ Gazeta-ի, բրիտանուհին Facebook-ին էլեկտրոնային նամակ է ուղարկել՝ բացատրելով իր գործողությունների պատճառն ու կցել իր իրական փաստաթղթի պատկերը՝ խնդրելով վերականգնել իր էջը: Սակայն խնդրանքը չի բավարարվել: Այդ ժամանակ նա պաշտոնապես փոխել է անունը եւ նոր փաստաթղթերն ուղարկել Facebook-ին:

Սակայն մինչեւ հիմա նա չի կարողանում մուտք գործել իր էջ: «Ես կորցրեցի իմ բոլոր լուսանկարները, հաղորդագրություններն ու թանկագին հիշողությունները»,- պատմել է Ռոջերսը: