Հուլիսի 18-ին Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի բակում, Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ տեղի ունեցավ Համահայկական VI-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը: Ջահը վառելու եւ կրելու պատվավոր պարտականությունը կատարեց արգենտինահայ հայտնի մարզիկ Ալբերտո Բարսեղյանը:

Արարողությանը մասնակցեցին Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանը, արգենտինահայ համայնքնային կազմակերպությունների ղեկավարները, Համահայկական VI-րդ խաղերի Արգենտինայի կազմակերպչական կոմիտեի անդամները, մարզիկներ եւ հյուրեր:

Արարողության սկզբում Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանի հանդիսապետությամբ եկեղեցում տեղի ունեցավ համահայկական խաղերին մասնակցող արգենտինական պատվիրակության շուրջ 200 անդամների, ինչպես նաեւ խաղերի բացումը խորհրդանշող օլիմպիական կրակի օրհնության եւ բարեմաղթանքի արարողություն:

Այնուհետեւ ելույթներով հանդես եկան Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանը, արգենտինահայ համայնքային եւ սպորտային կառույցների ղեկավարները:

Իր խոսքում դեսպան Հարությունյանը կարեւորեց համահայկական խաղերի դերն ու նշանակությունը աշխարհասփյուռ հայության համախմբման, հայ երիտասարդներին հայրենիք բերելու, Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու առումով:

ՀՀ դեսպանն ընդգծեց նաեւ Համահայկական VI-րդ խաղերի անցկացման կարեւորությունը հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում: