Լոս Անջելեսի Թուհունգա քաղաքի բնակիչ 33-ամյա Արտակ Հովսեփյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ 20 մլն դոլարի խարդախության համակարգի մասնակցելու համար, որի շրջանակում Գլենդելի կեղծ բուժհաստատություն է օգտագործվել՝ «Medicare» եւ «Medi-Cal» ապահովագրական համակարգերից կեղծ դեղատոմսերի օգնությամբ գումար կորզելու նպատակով:
Ըստ «Glendale News-Press»-ի, Գլենդելի «Manor Medical Imaging» կլինիկան աշխատանքի է ընդունել չարտոնագրված բժիշկ Նուրիցա Գրիգորյանին, որը թանկարժեք հոգեմետ դեղամիջոցներ է դուրս գրել՝ օգտագործելով արտոնագրված բժշկի անունը, ինչից հետո հաշիվը ներկայացվել է պետությանը:
Կեղծ դեղատոմսերի միջոցով դեղորայքը ստանալուց հետո դրանք վաճառել են սեւ շուկայում: «Medicare» եւ «Medi-Cal» համակարգերն ավելի քան 9 մլն դոլար են վճարել հաշվարկներում նշված 20 մլն դոլարից:
Գործում ներառված են եւս երկու անձ՝ 48-ամյա Քենեթ Ջոնսոնն ու 49-ամյա Նուրիցա Գրիգորյանը: Գործի շրջանակում դատավճիռ է կայացվել եւս 10 անձի նկատմամբ:
Բժիշը Ջոնսոնը, որը նախապես հազարավոր դատարկ դեղատոմսեր է ստորագրել, որոնք հետագայում լրացրել են նրա համախոհները, պետք է դատապարտվի նոյեմբերին: Իսկ Գրիգորյանը, որը ներկայացել է որպես ամերիկյան արտոնագիր ունեցող բժիշկ եւ լրացրել Ջոնսոնի ստորագրած դեղատոմսերը, տեղեկությունների համաձայն, փախուստի է դիմել:





























