Նորզելանդացին, որն ավելի քան կես միլիոն դոլար էր հավաքել Դաունի սինդրոմով ծնված իր փոքրիկ որդու համար, մեղադրվում է գումարը ոչ խելամիտ ծախսելու մեջ: Այս մասին հաղորդում է նորզելանդական «3 News» հեռուստաալիքը:
Որդու՝ Լեոյի համար 600 հազար դոլար հավաքած Սեմ Ֆորեսթը, որը հայտնվել էր միջազգային լուրերում, որդու անունով հիմնադրամ է ստեղծել, սակայն պնդումներ կան, որ ամբողջ գումարը չի փոխանցվել հիմնադրամին:
«Ես ցանկանում էի իմանալ, թե որտեղ են գումարները: Սեմը բացատրեց, որ բազմաթիվ վճարումներ է կատարել դրամահավաքի կայքերի ծառայությունների դիմաց, սակայն նա բավականաչափ լավ բացատրություններ չներկայացրեց կորած գումարի մասին»,- ասել է հիմնադրամի երկրորդ հոգաբարձու Տրինա Մաքլեչլենը: Նախապես հիմնադրամին շուրջ 380 հազար դոլար է փոխանցվել, ինչից հետո հաշվեկշիռը նվազել է 100 հազար դոլարով: «Այս փուլում հաշվեկշռի այդպիսի նվազում չպետք է լիներ»,- հավելել է նա:
Մաքլեչլենի խոսքով, Ֆորեսթի կինն իրեն անհանգստություն է հայտնել, որ ամուսինը ծախսում է գումարը: «Նա նոր ավտոմեքենա է գնել, նոր կահույք, տան համար սարքավորումներ, ինչպես նաեւ ծախսել է ուղեւորությունների համար»,- ասել է նա՝ հավելելով, որ անցյալ ամիս Ֆորեսթը հանգստացրել է նրանց, ովքեր գումար են նվիրաբերել երեխայի համար՝ հավաստելով, որ միջոցները ծախսվելու են միայն Լեոյի համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Նոր Զելանդիայի քաղաքացի Սեմյուել Ֆորեսթը եւ Ռուզան Բադալյանը՝ Դաունի սինդրոմով ծնված փոքրիկ Լեոյի ծնողները, հաշտվել են եւ փոխադրվել Նոր Զելանդիա:
Հիշեցնենք, որ Լեոն ծնվել է հունվարի 21-ին, Երեւանում: Նրա մոտ Դաունի սինդրոմ են ախտորոշել: Առաջինն այդ մասին հայտնել է երեխայի հայրը՝ միջազգային լրատվամիջոցներին հայտարարելով, որ կինը որոշել է հրաժարվել երեխայից, իսկ ինքը՝ ոչ: Դա էլ նրանց բաժանման պատճառ էր դարձել: Ավելի ուշ Ռուզան Բադալյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ դա արել է հանուն երեխայի ապագայի: Ըստ նրա, Նոր Զելանդիայում Լեոն կունենա այն, ինչ Հայաստանում նրան երբեք չեն տա:





























