Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչներն այսօր՝ հուլիսի 23-ին, նամակ են հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որով պահանջել են նշված հասցեների շենքերը ճանաչել որպես պատմամշակութային համալիր: NEWS.am-ի հետ զրույցում Տերյան 23-ի բնակիչ Վարդան Գերավետյանը նշեց, որ բացի նամակից Սերժ Սարգսյանին հանձնել են նաև ընդդեմ Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի քանդման կազմակերպված ստորագրահավաք-ակցիայի ընթացքում հավաքված 18 հազարից ավելի քաղաքացիների ստորագրությունները:

«23 օրում մենք կարողացել ենք հավաքել 18 հազար 43 քաղաքացու ստորագրություն, որոնք դեմ են, որպեսզի մեր շենքերը քանդվեն և դրանց փոխարեն կառուցվեն անհասկանալի շինություններ: Այսօր մենք հանձնելով մեր նամակը՝ Սերժ Սարգսյանից պահանջեցինք, որպեսզի պատժի Local Development ընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին և մեր շենքերը ճանաչեն որպես պատմամշակութային համալիր»,-ասաց նա:

Վարդան Գերավետյանը նշեց, որ եթե բնակիչներին փորձեն բռնի ուժով հանել շենքերից, ապա նրանք կդիմեն ինքնապաշտպանության:

«Չեմ ուզում բացել փակագծերը, բայց մենք ունենք բոլոր իրավական հիմքերը, որպեսզի մեզ բռնի ուժով մեր բնակարաններից հանելու դեպքում պարիսպ կազմենք և ինքնապաշտպանվենք: Եթե նման բան տեղի ունենա, մենք կանենք քաղաքացիական մեծ անհազանդության ակցիաներ, կկանչենք մեր համախոհներին, կենդանի վահան կստեղծենք մեր շենքերի դիմաց: Մեր մտերիմները, գիտակից քաղաքացիները պատրաստ են մեզ սատարել և պաշտպանել մեր իրավունքները»,-նշեց Գերավետյանը:

Հիշեցնենք, որ Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչներին իրենց բնակարաններից հարկադիր վտարվում են։ Բնակիչները ծանուցվել են, որ այլեւս իրավունք չունեն բնակարանները վաճառել, բացառությամբ «Լոկալ դեվելոփերս» ընկերության, որը տնօրինում է Սամվել Մայրապետյանը։ Վերջինը 2007-ից առ այսօր լինելով մայրաքաղաքի Տերյան 23, 25 շենքերի  եւ Լալայանց  37 շենքի կառուցապատողը՝ դիմել է դատարան՝ բնակիչներին իրենց բնակարաններից հանելու համար:

Դատարանի որոշմամբ՝ բնակիչներից երկուսը պետք է երկամսյա ժամկետում լքեն իրենց բնակարանները: Իրենց բնակարաններից զրկվելու վտանգի առջեւ է կանգնած 22 ընտանիք: