Հայաստանի Հանրային խորհուրդը դիմել է կառավարությանը՝ առաջարկելով «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի պահպանման եւ օգտագործման խնդրի լուծմանը ներգրավել նաեւ կառույցի հեղինակներին եւ Հայաստանի անվանի ճարտարապետներին:
Ստորեւ ներկայացնում ենք այդ առնչությամբ տարածված Հանրային խորհրդի որոշումը
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ (Կոնցեսիոներ) առաջարկած՝ «Զվարթնոց» օդանավակայանի առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագրի շրջանակներում հին ուղեւորային համալիրի քանդման հետ կապված հարցը բացասաբար ընդունվեց թե՛ Հայաստանի հանրության եւ թե՛ ճարտարապետների կողմից, որի արդյունքում 2013 թ. ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը դիմեց ՀՀ Հանրային խորհուրդ՝ կազմակերպելու հանրային մասնագիտական քննարկումներ խնդրի առնչությամբ:
Հանրային խորհուրդն իր ենթահանձնաժողովներում քննարկեց հարցը՝ ներգրավելով մասնագետների, Հայաստանի ճարտարապետների միության ներկայացուցիչների, այնուհետեւ ՀԽ լիագումար նիստում (13.11.2013թ.) դեմ արտահայտվեց քանդմանը՝ Կոնցեսիոներին առաջարկելով վերանայել իր ծրագիրը՝ հիմքում ունենալով հին ուղեւորային համալիրի պահպանման խնդիրը, քանի որ այն հանդիսանում է մշակութային արժեք եւ Երեւանի խորհրդանիշներից մեկը: Քննարկումների ժամանակ նշվում էր նաեւ, որ ՀՀ կառավարության լիազոր մարմինը, արձագանքելով Վիեննայում կայացած միջազգային կոնգրեսում հնչած բանաձեւին, դեռեւս 15.01.2013թ. միջազգային կառույցներին հասցեագրած իր գրությամբ երաշխավորել է «Զվարթնոց» օդանավակայանի շինության պահպանությունը:
Այս տարվա հունիսի 6-ին ՀԽ-ն ՀՀ կառավարությունից ստացավ նամակ (այն ուղղված էր նաեւ պետական մի շարք մարմինների) քննարկելու Կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղեւորային համալիրի զարգացման ծրագրի նոր տարբերակ: ՀԽ ենթահանձնաժողովները, գնահատելով Կոնցեսիոների ձգտումը՝ մասնակիորեն պահպանել կառույցը, բացասական կարծիք հայտնեցին նոր տարբերակի վերաբերյալ՝ նշելով, որ հին մասնաշենքի ամբողջական պահպանման համար կան չքննարկված տարբերակներ:
Արժեւորելով վերջին տարիներին «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացմանն ուղղված Կոնցեսիոների դրական արդյունքները, ինչպես նաեւ հին ուղեւորային համալիրի պահպանման հարցում հանրության ու մասնագետների պահանջներին ընդառաջելու ձգտումը՝
Հանրային խորհուրդը որոշում է.
1. Դրական գնահատել Կոնցեսիոների նոր առաջարկությունը՝ պահպանելու «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի կենտրոնական աշտարակը՝ միաժամանակ վերահաստատելով, որ կառույցի ամբողջական տեսքի պահպանումը, հատկապես մասնագետների հավաստմամբ, հնարավոր է մասնաշենքի նպատակային օգտագործման եւ ճարտարապետական արժեւորման տեսանկյունից:
2. Դիմել ՀՀ կառավարությանը՝ առաջարկելու Կոնցեսիոներին «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի պահպանման եւ օգտագործման խնդրի լուծմանը ներգրավել նաեւ կառույցի հեղինակներին եւ Հայաստանի անվանի ճարտարապետներին:





























