Հայաստանը մի տեղ է, որտեղ ոչ թե հարցեր են լուծվում, այլ հայտարարություններ են արվում: Այս մասին օգոստոսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը՝պատասխանելով հարցին, թե ինչո՞վ բացատրել նույն տարում երկու գերտերությունների՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները Հայաստան: Հայաստանն, ըստ Մելիքյանի, տարածաշրջանի ամենաանմեղսունակ երկիրն է, քանի որ տարիներ շարունակ չի կարողացել վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն:
«Այսինքն, սա մի տեղ է, որտեղ այս կամ այն երկրի բարձրաստիճան պաշտոնյան գալիս ու հարկ է համարում իր նշանը դնել, ասել՝ սա իմն է եւ այստեղ ես ասացի այսինչ բանը: Եւ սա ոչ այնքան ուղղված է Հայաստանի ժողովրդին, որքան տարածաշրջանի պետություններին»,-ասաց Մելիքյանը: Նա հավելեց, որ այսօր Հայաստանը ռազմավարական տարածք է, որն ունի ռազմաքաղաքական նշանակություն, սակայն չունի իր սեփական «ես»-ը:



























