Կենտրոնական բանկի խորհուրդն իր օգոստոսի 17-ի նիստում հաստատել է ՀՀ ԿԲ 2010թ. հունիսի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը եւ ՀՀ ԿԲ 2010թ. ծախսերի նախահաշվի եւ կապիտալ ներդրումների ծրագրի երկրորդ եռամսյակի եւ առաջին կիսամյակի կատարողականը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ մամուլի ծառայությունից, լրացումներ են կատարվել «ՀՀ կենտրոնական բանկի արտաքին ակտիվների եւ արտաքին պարտավորությունների հաշվարկման» կարգում:

Խորհուրդը գրանցել ու լիցենզավորել է «Կիլիկիա ՈւՎԿ»  ՍՊԸ-ն, վերաձեւակերպել «Լիդեր ապահովագրական բրոքեր» ՍՊԸ-ի լիցենզիան: «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը ոչ կյանքի ապահովագրության իրականացման նոր դասերով լիցենզիա է տրամադրել` «Օդանավերի ապահովագրություն», «Ջրային փոխադրամիջոցների ապահովարություն», «Ջրային փոխադրամիջոցների (նաեւ` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն»: «Կլուժ» ՍՊԸ-ին տրամադրվել է գրավատան կազմակերպման լիցենզիա,  «Սպարապետ» ՍՊԸ-ին` արտարժույթի առուվաճառքի լիցենզիա:

Ուժը կորցրած (դադարեցված) է ճանաչվեց «Մարսաժ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ NԳԳ-Ե173 լիցենզիայի գործողությունը` «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման պատճառով:

Խորհուրդը նաեւ որոշել է հրատարակել ՀՀ ԿԲ «Բանբեր» պարբերականի 2010թ. երկրորդ եռամսյակի թողարկումը: