ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էլդար Ռյազանովը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նա անոթների պրոֆիլակտիկ մաքրում է անցել։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ռեժիսորի ընտանիքից։  «Էլդար Ալեքսանդրովիչին դուրս են գրել, տուն ենք գնում»,- ասել է հարազատներից մեկը։ Զրուցակիցը լրատվական գործակալությանը հայտնել է, որ ռեժիսորը «իրեն լավ է զգում, ուրախ է, կատակում է, բանաստեղծություններ է կարդում»։

Մինչ այդ, լրատվամիջոցները հայտնել էին, որ հանգստյան օրերին Րյազանովին արագ հիվանդանոց են տեղափոխել եւ վիրահատել են սիրտը։ «Լրատվամիջոցներում խուճապն ավելի շուտ պայմանավորված էր նրանով, որ Էլդար Ալեքսանդրովիչին հիվանդանոց տարել ենք ոչ թե իր մեքենայով, այլ շտապօգնություն ենք կանչել, որ առանց խցանումների եւ այլ խնդիրների տեղ հասնենք»,-բացատրել են ընտանիքից։

Էլդար Րյազանովը 87 տարեկան է։ Անցյալ տարվա նոյեմբերի վերջին նա Բուրդենկոյի անվան ԳՀԻ-ի նեյրովիրաբուժության բաժանմունք էր տեղափոխվել «ուղեղում արյան շրջանառության սուր խանգարում» ախտորոշմամբ եւ մի քանի ամիս անցկացրել է հիվանդանոցում։