«Իսլամական պետության» գրոհայինները 19 կնոջ են գլխատել իսլամիստների հետ սեռական կապից հրաժարվելու համար։ Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով Քրդստանի Դեմոկրատական կուսակցության պաշտոնական ներկայացուցչին։

Նրա խոսքով, պատանդ կանանց պահել են Իրաքի Մոսուլ քաղաքում, որն անցյալ տարի գրավել էին իսլամիստները։ Սպանվածների ազգությունը չի հաղորդվել։

Օգոստոսի 4-ին հակամարտությունների ընթացքում կիրառվող սեռական բռնությունների հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Զեյնաբ Բանգուրան հաստատել է, որ ԻՊ-ի գրոհայինները տարածել են ստրուկների՝ առեւանգված կանանց եւ երեխաների գնացուցակ, փոխանցում է  Lenta-ն։

«Աղջիկներին այնպես են գնում ու վաճառում, ինչպես նավթը։ Յուրաքանչյուրին կարող է վաճառել ու գնել հինգից-վեց տղամարդ։ Երբեմն գրոհայինները աղջիկներին վաճառում են իրենց ընտանիքներին հազարավոր դոլարների դիմաց»,-տեղեկացնում է Բանգուրան։ Նրա խոսքով, մեկից ինը տարեկան տղաներն ու աղջիկներն արժեն 165 դոլար, իսկ 11-ից 16 տարեկան պատանիները՝ 124 դոլար։

Այս տարվա ապրիլին Բանգուրան հայտնել է, որ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում «ծայրահեղականները սեռական բռնությունն օգտագործում են որպես ահաբեկչության միջոց»  կրոնական, էթնիկ եւ սեռական փոքրամասնությունների հանդեպ։