ՄԱԿ-ի անդամ 193 պետություններն համաձայնության են հասել ամփոփիչ փաստաթղթի նախագծի շուրջ, որը համաշխարհային առաջնորդների կողմից ընդունվելու է այս սեպտեմբերին Նյու Յորքում՝ Կայուն զարգացման գագաթնաժողովի ընթացքում:
Եզրափակելով բանակցությունների ավելի քան երկու տարի ծավալված գործընթացը, որին հատուկ էր քաղաքացիական հասարակության աննախադեպ մասնակցությունը, երկրները համաձայնության եկան հավակնոտ մի օրակարգի շուրջ, որը ներառում է կայուն զարգացման 17 նպատակներ՝ ուղղված մինչեւ 2030 թվականը աղքատության վերացմանը, բարգավաճման ու մարդկանց բարեկեցության խթանմանը՝ միաժամանակ պահպանելով շրջակա միջավայրը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ողջունեց համաձայնությունը՝ նշելով, որ «այն ընդգրկում է համընդհանուր, փոփոխություններ բերող եւ համապարփակ օրակարգ, որն ազդարարում է մեր աշխարհի պատմական շրջադարձային պահը»:
«Սա ժողովուրդների օրակարգն է, գործողությունների ծրագիր, որն ուղղված է աղքատության վերացմանն իր բոլոր չափումներում՝ անշրջելիորեն, ամենուր եւ չանտեսելով ոչ մեկի: Այն ձգտում է ապահովել խաղաղություն ու բարգավաճում եւ կռել գործընկերություններ՝ առանցքում ունենալով մարդկանց եւ մոլորակը: Կայուն զարգացման համապարփակ, փոխկապակցված եւ անբաժանելի 17 նպատակները բոլոր մարդկանց նպատակներն են եւ ցույց են տալիս այս նոր օրակարգի ընդգրկումը, համընդհանուր բնույթն ու ձգտումները»:
Պարոն Բանը նշեց, որ սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովը, որտեղ ընդունվելու է նոր օրակարգը, «կգծագրի կայուն զարգացման նոր դարաշրջան, որի ընթացքում աղքատությունն արմատախիլ կարվի, բարգավաճումը կտարածվի, իսկ կլիմայի փոփոխության առանցքային շարժիչ ուժերը կկասեցվեն»:
Նա ավելացրեց, որ ՄԱԿ-ի համակարգը պատրաստ է աջակցել նոր օրակարգի իրականացմանը, որը հիմնված է Ադիս Աբեբայում կայացած «Ֆինանսավորում հանուն զարգացման» երրորդ միջազգային խորհրդաժողովի հաջող արդյունքի վրա եւ որը, նշեց նա, կօգնի դեկտեմբերին Փարիզում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակից պետությունների ամենամյա 21-րդ նստաշրջանի (COP21) ընթացքում հասնել լիարժեք համաձայնագրի:
Ակնկալվում է, որ սեպտեմբերի 25-ից 27-ը Նյու Յորքում տեղակայված ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում կայանալիք Կայուն զարգացման գագաթնաժողովին կմասնակցեն աշխարհի պետությունների ավելի քան 150 ղեկավարներ՝ պաշտոնապես ընդունելու կայուն զարգացման նոր օրակարգի ամփոփիչ փաստաթուղթը:
Կայուն զարգացման նոր օրակարգը հիմնվում է Հազարամյակի զարգացման նպատակների արձանագրած հաջողության վրա. նպատակներ, որոնք ավելի քան 700 միլիոն մարդու օգնեցին դուրս գալ աղքատությունից: Հազարամյակի զարգացման ութ նպատակները, որոնք ընդունվել էին 2000 թվականին, ուղղված էին խնդիրների լայն շրջանակի, որը ներառում էր աղքատության, սովի, հիվանդությունների, գենդերային անհավասարության կրճատումը եւ ջրի ու սանիտարական պայմանների հասանելիության ապահովումը մինչեւ 2015 թվականը:
Նոր՝ կայուն զարգացման նպատակներն ու կայուն զարգացման ավելի լայն օրակարգը շատ ավելի հեռուն են գնում՝ ուղղվելով աղքատության արմատական պատճառներին եւ այնպիսի զարգացման համընդհանուր անհրաժեշտությանը, որը կգործի բոլոր մարդկանց համար:
«Վերափոխելով մեր աշխարհը. Կայուն զարգացման օրակարգ - 2030» վերնագրով 29 էջից բաղկացած փաստաթղթի նախաբանում ասվում է. «Մենք լի ենք վճռականությամբ՝ մարդկությունն այս սերնդի ընթացքում ազատելու աղքատության ճիրաններից, եւ ցանկանում ենք առողջացնել ու պահպանել մեր մոլորակը ներկա եւ ապագա սերունդների համար»: Այնուհետեւ շարունակվում է. «Մենք վճռական ենք՝ անհետաձգելիորեն անհրաժեշտ հատու եւ փոփոխություններ բերող քայլեր ձեռնարկել, որպեսզի աշխարհը կայուն եւ աննկուն ուղի տեղափոխվի: Այս համատեղ ճամփորդության մեկնարկին մենք խոստանում ենք, որ ոչ մեկը չի անտեսվի»:
«Ռիո+20» եւ միջկառավարական գործընթացը
2012 թվականին կայացած «Ռիո+20» խորհրդաժողովի ընթացքում անդամ պետությունները համաձայնության եկան սկսել կայուն զարգացման նպատակների մշակման գործընթաց՝ հիմնվելով Հազարամյակի զարգացման նպատակների վրա: Հազարամյակի զարգացման նպատակների օրինակը ցույց տվեց, որ նպատակների սահմանման միջոցով հնարավոր է միլիոնավոր մարդկանց դուրս բերել աղքատությունից, բարելավել բարեկեցությունը եւ ավելի լավ կյանքի նորանոր հնարավորություններ ապահովել: Պետությունները համաձայնության եկան, որ նոր նպատակները բնույթով կլինեն համաշխարհային, եւ հնարավոր կլինի դրանք համընդհանուր կերպով կիրառել բոլոր երկրներում՝ միաժամանակ հաշվի առնելով ազգային տարբեր իրողությունները, կարողությունները եւ զարգացման մակարդակն ու համապատասխան ազգային քաղաքականություններն եւ գերակայությունները:
Երկու տարվա ընթացքում բանակցությունները համադրվել են ՄԱԿ-ում Իռլանդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Դավիդ Դոնահյուի եւ ՄԱԿ-ում Քենիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մաչարիա Կամաուի կողմից: Անդամ պետություններում խորհրդակցությունների ներառական եւ թափանցիկ գործընթացը, քաղաքացիական հասարակության եւ շահագրգիռ այլ կողմերի հաստատուն ներգրավմամբ, հիմք է ծառայել ձեւավորվող համընդհանուր եւ մարդակենտրոն օրակարգի վերաբերյալ միջկառավարական բանակցությունների եզրակացության համար:
Ամփոփիչ փաստաթղթի հիմնական տարրերը
Ամփոփիչ փաստաթուղթն ընդգծում է աղքատության վերացումը որպես զարգացման նոր օրակարգի համընդգրկուն նպատակ, իսկ առանցքում կայուն զարգացման տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական չափումների ամբողջացումն է: Զարգացման նորահայտ օրակարգը եզակի է այն առումով, որ գործողությունների կոչ է անում բոլոր երկրներին՝ աղքատ, հարուստ եւ միջին եկամուտ ունեցող: Այս համատեղ ուղեւորությունը մեկնարկելով՝ անդամ պետությունները խոստանում են, որ ոչ մեկը չի անտեսվելու: «Հինգ P-երը»՝ people (բնակչություն), planet (մոլորակ), prosperity (բարգավաճում), peace (խաղաղություն) եւ partnership (գործընկերություն), արտացոլում են օրակարգի լայնընդգրկուն բովանդակությունը:
Կայուն զարգացման 17 նպատակներն ու 169 թիրախները նպատակ ունեն չեզոքացնելու կայուն զարգացման այնպիսի առանցքային համակարգային խոչընդոտներ, ինչպիսիք են անհավասարությունը, սպառման եւ արտադրության ոչ կայուն մոդելները, ոչ պատշաճ ենթակառուցվածքներն ու արժանապատիվ զբաղվածության բացակայությունը: Կայուն զարգացման բնապահպանական չափումն ընդգրկված է օվկիանոսների ու ծովային պաշարների եւ էկոհամակարգերի ու կենսաբազմազանության վերաբերյալ նպատակներում եւ կարեւորագույն հարցեր է ներմուծում նպատակների ու թիրախների շրջանակ:
Ամփոփիչ փաստաթղթում ուրվագծված իրականացման միջոցները համապատասխանում են փաստաթղթի հավակնոտ նպատակներին եւ շեշտադրում են ֆինանսական, տեխնոլոգիական եւ կարողությունների զարգացումը: Բացի նոր օրակարգի իրականացման միջոցների վերաբերյալ առանձին նպատակից, կայուն զարգացման յուրաքանչյուր նպատակի համար հարմարեցված են կոնկրետ միջոցներ:





























