Տոկիոյում Yawarakan անվանումով սրճարան է բացվել: Ինչպես Ճապոնիայում գործող նմանատիպ մի շարք այլ հաստատություններ, այն պարծենում է համեղ քաղցրավենիքով, ըմպելիքներով եւ անձնակազմի հյուրընկալությամբ: Միակ տարբերությունն այն է, որ սրճարանը խաղալիք կենդանիների համար է:

Ըստ Kedem-ի, սրճարանի տերերը վստահեցնում են, որ Ճապոնիայի կանանց 85%-ը փափուկ խաղալիք ունի, իսկ 60%-ը սիրելի խաղալիքների հետ է անկողին մտնում: Սրճարան կարելի է բերել ոչ մեծ չափսերի՝ ձեռքի մեծության խաղալիքներ: Սակայն դրանց տերերին սրճարան չեն թողնելու: Մարդիկ կարող են խաղալիքները մեկ օրով սրճարանում թողնել:

Իսկ փափուկ խաղալիքներին հաստատությունում հյուրասիրություն է սպասվում. մի քանի ուտեստներ եւ ըմպելիք, իսկ չափաբաժինները համապատասխանելու են խաղալիքների չափսերին: Ընթրիքից հետո հաստատության անձնակազմը խաղալիք այցելուների համար ուրվականների մասին հեքիաթ կկարդա, թղթախաղով կզբաղվի, իսկ առավոտյան կենդանիներին կտանեն տերերին՝ հուշանվերների եւ ֆոտոալբոմի հետ միասին:

Yawarakan սրճարան այցելությունը խաղալիք կենդանիների տերերին 40 դոլար կարժենա: Չնայած մտահղացման անհեթեթությանը՝ սրճարանում սեղաններն արդեն պատվիրված են մինչեւ սեպտեմբերի կեսերը: