ԱՄՆ-ում գործազրկության մասին վիճակագրությունը, որը հրապարակվել է այս ամսվա սկզբին, չի արտացոլում երկրի տնտեսության իրական իրադրությունը: Այսպիսի կարծիք է հայտնել ամերիկացի քաղաքագետ Փոլ Քրեյգ Ռոբերթսը:
Պաշտոնական հաշվետվության համաձայն, ԱՄՆ-ում չի կարողանում աշխատանքի տեղավորվել բնակչության 5.3%-ը: Ռոբերթսի կարծիքով, սակայն, սրանք միայն այն քաղաքացիներն են, որոնք վերջին ամսվա ընթացքում են դիմել աշխատանքի տեղավորման գործակալություններ: ԱՄՆ-ի նույնքան բնակիչներ էլ ինքնուրույն են աշխատանք փնտրում՝ առանց գործազրկության գրանցված կարգավիճակի, կամ ընդհանրապես դադարել են որոնումները:
Վերլուծաբանը հիշեցրել է նաեւ, որ 1994 թվականին տնտեսական պատկերը բարելավելու համար Քլինթոնի վարչակազմը դադարել է հաշվառել այն գործազուրկներին, որոնք չեն կարողացել աշխատանք գտնել Ռեյգանի նախագահության ժամանակներից ի վեր:
Ըստ Informing-ի, այդպիսով, Ռոբերթսի հաշվարկներով, ԱՄՆ բնակչության գրեթե մեկ քառորդը՝ 23%-ը, ներկայում գործազուրկ է, ինչն արդեն մոտ է Մեծ դեպրեսիայի ժամանակների ցուցանիշին:
Վերլուծաբանը կարծում է, որ այս ցուցանիշները, ինչպես նաեւ միջին ամերիկյան ընտանիքի եկամուտների չնչին աճն ու հսկայական վարկերն ամենեւին էլ երկրի տնտեսության վերականգնում չեն նշանակում, ինչի մասին այդքան խոսում են իշխանությունները:





























