Չինաստանի ժողովրդական բանկը երրորդ անգամ արժեզրկել է ազգային արժույթի՝ յուանի փոխարժեքը դոլարի նկատմամբ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով բանկի հայտարարությունը:
Այդ արժեզրկման արդյունքում յուանի միջին փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է եւս 1,1 տոկոսով՝ հասնելով 6,4010 յուանի՝ մեկ դոլարի դիմաց:
Միաժամանակ ՉԺՀ ժողովրդական բանկը շարունակում է հավաստիացնել, որ յուանի մտածված արժեզրկումը համակարգային մոտեցում չէ, այլ միանգամյա քայլ: Ավելին, Ժողովրդական բանկը շարունակում է հայտարարել, որ ազգային արժույթի հետագա արժեզրկման հիմքեր չկան:
Յուանի արժեզրկումը տեղի է ունենում երրորդ օրն անընդմեջ. Օգոստոսի 11-ին չինական արժույթն արժեզրկվեց 1,9 տոկոսով, օգոստոսի 12-ին՝ եւս 1,62 տոկոսով, հաղորդում է Gazeta-ն:





























