Եկող շաբաթ կսկսվի Հայաստան-Իրան 400 կիլովատանոց բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը: Այդ մասին Հայաստանի կառավարության օգոստոսի 13-ի նիստում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Նրա խոսքով, մի քանի օր առաջ իրանական կողմի հետ ստորագրվել են համապատասխան փաստաթղթերը։ «Դա նշանակում է, որ գործընթացը սկսվել է, եւ ես վստահ եմ, որ համագործակցության հետագա զարգացումն իր հետ կբերի առեւտրաշրջանառության աճ եւ տնտեսական կապերի աշխուժացում։ Ողջունում եմ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը։ Իրանի եւ «վեցնյակի» երկրների փոխադարձ ընդունելի որոշումները կարեւոր քայլ են տարածաշրջանոմ տեւական խաղաղության եւ կայունության համար։ Իրանը Հայաստանի համար կարեւոր եւ վստահելի երկիր է, մեր հարաբերությունները բազմադարյա ավանդույթ ունեն։ Նոր հեռանկարներ են բացվել, եւ մենք ջանք չենք խնայի, որ օգտագործվեն զարգացման բոլոր հնարավորությունները»,-ասել է վարչապետը։
Այժմ Հայաստանի եւ Իրանի միջեւ գործում է 2 էլեկտրագիծ , յուրաքանչյուրը՝ 220 կվտ լարումով։ Երրորդ՝ 400 կվտ լարումով էլեկտրագիծն ու երկու շղթան կթեթեւացնեն հայկական էլեկտրաէներգիայի մատակարարումը իրանական գազի դիմաց, որը հատկացվում է Երեւանի ջերմէլեկտրակայանին։ Էլեկտրագծի նախագծի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել էր դեռեւս 2004 թվին, բայց հետագայում դրա կյանքի կոչումը հետաձգվել էր։





























