«Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորումը դիմում է հրապարակել, որը ենթադրաբար արվել է Ուսամա Բեն Լադենի որդու կողմից․ վերջինս Լոնդոնում եւ արեւմտյան երկրների այլ մայրաքաղաքներում ահաբեկչական գործողությունների կոչ է անում։
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը Համզա Բեն Լադենի աուդիոձայնագրությունը հրապարակվել է Twitter-ում։ «Ալ Կաիդայի» նախկին առաջնորդի որդին, որը ներկայումս պետք է մոտավորապես 23-24 տարեկան լինի, ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների դեմ ջիհադի կոչ է անում։ Որպես հարձակումների ենթադրյալ թիրախներ, նա նշել է Լոնդոնը, Վաշինգտոնը, Փարիզը, Թել Ավիվը, Քաբուլը, Բաղդադը, հիշատակել է նաեւ Գազայի հատվածը։
Նախկինում, ինչպես նշում է The Telegraph-ը, Համզա բեն Լադենը ոչ մի անգամ հրապարակայնորեն աջակցություն չէր հայտնել ահաբեկչությանը։ Պարբերականը սակայն կարծիք է հայտնում, որ դեռեւս 2005 թվականին, երբ դեռ 13 տարեկան էր, Համզա Բեն Լադենը կարող է մասնակցած լինել Պակիստանի եւ Աֆղանստանի տարածքներում ռազմական գործողություններին։
Հայտնի չէ, թե ներկայումս որտեղ է գտնվում Համզա Բեն Լադենը։ 2011 թվին Պակիստանի Աբոտտաբադ քաղաքում Բեն Լադենին վերացնելուց հետո հաղորդվել էր, թե Համզային էլ են գնդակահարել հոր հետ։ Բայց հետագայում պարզ դարձավ, որ ամերիկյան հատուկ ջոկատայինների գործողության ընթացքում սպանվածը Բեն Լադենի մյուս որդին է եղել՝ Խալեդը։





























