Իրեն «եզո» անվանելու համար հարևանին խոհանոցային դանակով սպանելու մեջ մեղադրվող, Երեւանի 26–ամյա բնակիչ Արթուր Ազատյանի պաշտպան Էմմա Եղիազարյանը պահանջում է վերաորակել իր պաշտպանյալին առաջադրած մեղադրանքը։ Այսօր` օգոստոսի 18-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում փաստաբանը պահանջեց Արթուր Ազատյանին առաջադրված սպանության մեղադրանքը փոխարինել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանության հոդվածով, որը նախատեսում է առավելագույնը երեք տարվա ազատազրկում։
«Արթուր Ազատյանը առաջադրած մեղադրանքը չի ընդունում, եւ այլոց ցուցմունքներն էլ փաստում են, որ առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում նրա կատարած արարքին, ապացույցներն էլ բավարար չեն նրան մեղավոր ճանաչելու համար։ Պաշտպանական կողմը միջնորդում է դատարանի մեղադրանքը վերաորակել ՔՕ 108 հոդվածով եւ համապատասխան պատիժ սահմանել»,- ասաց փաստաբանը իր պաշտպանական ճառում։
Էմմա Եզիազարյանի պնդմամբ՝ իր պաշտպանյալը հարեւանին դիտավորյալ չի սպանել, այլ փորձել է պաշտպանվել։
«Դեպքը պատահել է հանգամանքների բերումով։ Նրանք վեճի են բռնել, անկողնում թավալվել, տուժողը, որը ֆիզիկապես ավելի ուժեղ է եղել, փորձել է խեղդել Արթուր Ազատյանին։ Վերջինս էլ տուժողին սպանելու դիտավարություն չի ունեցել, փորձել է ազատվել ֆիզիկապես ավելի ուժող տուժողից մի առարկայով, որը հետո պարզվել է` դանակ է, հարվածել է տուժողին։ Նա ձեռքը գցել է, որ ինչ–որ առարկա վերցնի, չի իմացել, որ դանակ է»,- հայտարարեց պաշտպանը։
Փաստաբանի խոսքով՝ տուժողը Արթուր Ազատյանին «եզո» չի անվանել, ինչպես նշված է մեղադրական եզրակացությունում, եւ այդ բառը չի եղել վեճի պատճառը. «Նման հետեւանք կարող է լինել հարազատներին, ծնողներին սեռական բնույթի հայհոյանք հասցնելու դեպքում»։
Ամբաստանյալ Արթուր Ազատյանը ժամանակ խնդրեց դատարանից վերջին խոսքով հանդես գալու համար։
Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 27-ին։
Նշեք, որ դատախազ Տիգրան Հակոբյանը պահանջում է 11 տարվա ազատազրկում Արթուր Ազատյանի համար։
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Ազատյանը 2014թ. նոյեմբերի 6-ին, ժամը 21:00-ի սահմանում իր՝ Երևան քաղաքի Վ.Շենգավիթ 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 տանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրեն «եզո» անվանելու հարցի շուրջ վիճաբանել է իր հարևան Անդրանիկ Հարությունի Պարսամյանի հետ, որի ընթացքում վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է նրա որովայնի ձախ շրջանին՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառելով՝ սպանել է նրան: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։





























