«Ոտքի Հայաստան» նախաձեռնության` ՀԾԿ հանձնաժողովի հրաժարականի պահանջով ստորագրահավաքին հավաքվել է 5000-ից ավելի ստորագրություն: Այս մասին այսօր` օգոստոսի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հանրապետության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման որոշման չեղարկման պահանջով արդեն 22-րդ օրը նստացույց անող «Ոտքի Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:
«Բացի ստորագրահավաքից, այս օրերին մենք հանդիպում ենք քաղաքական ընդդիմադիր ուժերի հետ, մեզ հուզող հարցերի շուրջ քննարկումներ ենք անում: Թե որ քաղաքական ուժերի հետ ենք հանդիպում, կհայտարարենք օգոստոսի 21-ին կայանալիք հանրահավաքին»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը:
«Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը օգոստոսի 13-ին հայտարարություն էր տարածել, որով առաջարկել է քաղաքական ուժերին օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում միանալ իրենց և հասնել ՀՀ նախագահի ու վարչապետի հրաժարականներին։ Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից Հանրապետության հրապարակում նստացույց են սկսել «Ոտքի Հայաստան» շարժման մասնակիցները: Ի սկզբանե էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը չեղարկելու պահանջով նստացույց սկսած նախաձեռնությունը վերանայել է իր պահանջները եւ այժմ պահանջում է ՀԾԿՀ անդամների հրաժարականը եւ ՀԷՑ–ի ազգայնացում:





























