Չիտայում հարբած զինվորականները քաղաքի փողոցներով շրջել են զրահամեքենաներով, հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ-ի Անդրբայկալյան մարզային վարչության կայքը:
Օգոստոսի 18-ի երեկոյան ոստիկանությանը հաղորդել են, որ խանութներից մեկի մոտ զրահամեքենա է կանգնած, որի մեջ նստել է հարբածի արտաքինով երիտասարդ տղամարդ: Ականատեսների խոսքերով, զրահամեքենան դուրս էր գալիս հանդիպակաց գոտի` վթարային իրավիճակներ ստեղծելով:
Օրինապահ մարմինների աշխատակիցները կանգնեցրել են մարտական մեքենան, բայց ներսում գտնվող երկու հարբած տղամարդիկ հրաժարվել են դուրս գալ: Ճանապարհա-պարեկային ծառայության հսկիչները ջարդել են ապակին ու նրանց հանել մեքենայից: Կալանավորված զինծառայողներին տեղափոխել են ռազմական պարեկատուն:
Ինչպես «Չիտա.Ռու» գործակալությանը պատմել է տեղի բնակիչը, մեքենան առեւանգվել էր զորամասից: Ճանապարհային պարեկության ծառայության հինգ անձնակազմ փորձել է կանգնեցնել զրահամեքենան: Հետապնդումն ավարտվել է նրանով, որ մեքենան դեմ է առել ինչ-որ արգելքի ու կանգնել է:
Արեւելյան ռազմական օկրուգի մամլո ծառայությունից հայտարարել են, որ բուժզննումից եւ հարբածության փաստի հաստատումից հետո զինծառայողները կհեռացվեն Զինված ուժերից:





























