Բրիտանացի հետազոտող Նիկոլաս Ռիվզը (Nicholas Reeves), որն առաջ է քաշել այն տեսությունը, թե Թութանհամոնի դամբարանում է գտնվում Նեֆերտիտիի գերեզմանը, Եգիպտոսի հնագիտության հարցերով նախարարությունից Կահիրե ժամանելու հրավեր է ստացել:
Եգիպտոսի իշխանությունները հաղորդել են, որ գիտնականի համար հանդիպում կկազմակերպեն երկրի պատմության փորձագետների հետ: Եթե Ռիվզը կարողանա բավականաչափ համոզիչ փաստարկներ ներկայացնել իր տեսությանն ի պաշտպանություն, պաշտոնյաները կքննարկեն Լուքսորում գտնվող Թութանհամոնի դամբարան համատեղ արշավ կազմակերպելու հնարավորությունը, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով The Guardian-ին:
Օգոստոսի սկզբին Ռիվզը հայտարարել էր, որ 19-ամյա փարավոնի դամբարանում գաղտնի դռներ կան դեպի երկու շինություն, որոնցից մեկը գուցե Նեֆերտիտի թագուհու դեռեւս չհայտնաբերված դամբարանն է: Նման եզրակացության է նա հանգել` ուսումնասիրելով դամբարանի պատերի բնական մեծության լուսանկարներն ու սկանները:





























