ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ուղիղ շփվում է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, այդ շփումները կշարունակվեն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով համագործակցությունը վերականգնելու մասին Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը:

Քիրբիի խոսքով, ինքն այսօր ասելու բան չունի որեւէ կոնկրետ միջոցառում անցկացնելու առումով: «Բայց պետքարտուղար Քերրին շարունակում է ուղիղ շփումներ ունենալ ԱԳ նախարար Լավրովի հետ՝ մի շարք հարցերով: Կարծում եմ՝ այդ շփումը կշարունակվի»,-ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա նաեւ կրկնել է թեզը, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն ունեն ոլորտներ, որտեղ համագործակցում են, մասնավորապես, Իրանի միջուկային ծրագիր, Սիրիայի հակամարտւթյան կարգավորում, սակայն որոշ հարցերում դիրքորոշումները տարբերվում են:

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ԱՄՆ-ից համագործակցությունը վերականգնելու ազդակներ է ստանում եւ մտադիր չէ «կոկետություն» անել ու հրաժարվել երկխոսությունից: