Հարավային Կորեան դադարեցրել է ԿԺԴՀ տարածքում քարոզչական հեռարձակումը, որը իրականացվոմ էր երկու պետությունների սահմանի մոտակայքում տեղադրված բարձրախոսների միջոցով։
Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք էր բերվել սահմանամերձ Փհանմունջոմում երկու Կորեաների միջեւ բանակցությունների երկրորդ փուլի արդյունքներով։ Սեուլը խոստացել է դադարեցնել ԿԺԴՀ տարածքում քարոզչական հեռարձակումը, իսկ Փհենյանն էլ իր հերթին ափսոսանք է հայտնել սահմանների մոտ ականների վրա հարավկորեացի զինվորների պայթելու միջադեպերի կապակցությամբ։
Հայտնում էին նաեւ, որ ԿԺԴՀ-ն չեղյալ կհայտարարի իր զինված ուժերում հայտարարված լրիվ մարտունակության վիճակը։ Կողմերը նաեւ պայմանավորվել են համագործակցել պատերազմի ընթացքում իրարից բաժանված ընտանիքների վերամիավորման ուղղությամբ։ Նրանք նաեւ որոշել են Սեուլում կամ Փհենյանում նոր բանակցություններ անցկացնել ՝ Կորեական թերակղզում լարվածությունը մեղմացնելու նպատակով, հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ հղում անելով Կիոդոյին։
Սեուլի ու Փհենյանի միջեւ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին։ Այն տեւել է 10 ժամ։ Երկրորդ փուլը սկսվել է օգոստոսի 23-ին ՝ տեղի ժամանակով մոտավորապես 15։30-ին ու տեւել է շուրջ 34 ժամ։
Հարավային Կորեայի ու ԿԺԴՀ միջեւ հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ օգոստոսի 20-ին Ապառազմական գոտու արեւմտյան մասում երկրների միջեւ տեղի էր ունեցել փոխհրետանակոծություն։




























