Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի` թուրքական Կարսի նահանգով անցնող հատվածում պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի կազմակերպման մեջ կասկածվում են Թուրքիայում արգելված Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) ապստամբները:
Պայթյունը որոտացել է օգոստոսի 24-ի ուշ երեկոյան` Սարիղամիշ գավառում: Ենթադրվում է, որ հարձակմանը 20 ապստամբ է մասնակցել, հաղորդում է Daily Sabah-ը: Խողովակաշարով վառելիքի փոխանցումը դադարեցվել է, կրակի մարման աշխատանքներ են կատարվում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Թուրքիայում իրավիճակը կտրուկ սրվել է հուլիսի 20-ին «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Սիրիայի հետ սահմանին իրականացված ահաբեկչական գործողության եւ հարավ-արեւելյան գավառներում ոստիկանների սպանություններից հետո, որոնց պատասխանատվությունը ստանձնել է ՔԲԿ-ը: Վերջին ամսվա ընթացքում քրդական ապստամբներին զոհ են գնացել տասնյակ ոստիկաններ եւ զինվորականներ:




























