«Հայֆիլմ» կինոստուդիան շուտով կվերադարձվի պետությանը: Այդ մասին օգոստոսի 25-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Նրա խոսքով, այդ հարցը շուտով կհաստատվի Կառավարության մոտակա նիստերից մեկի ընթացքում:

Հիշեցնենք, որ 2005-ին կինոստուդիան վաճառվել էր ընդամենը 350 միլիոն դրամով (ներկայիս փոխարժեքով մոտավորապես 725 հազար դոլարով- ծ.խ.): Այժմ կինոստուդիան   գնահատվում է  3 միլիարդ դրամից ավելի:

«Իհարկե ներդրողները բավականին աշխատանք են արել, անհրաժեշտ սարքավորումներ են գնել եւ բավականաչափ կինոժապավեն են թվայնացրել: Կինոստուդիայի հետագա ճակատագիրը  կտնօրինի կառավարությունը հանձինս մշակույթի նախարարության»,-ավելացրել է Սահակյանը:

Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան հիմնադրվել է 1923-ին: Առաջին ֆիլմը նկարահանվել է արդեն  1925-ին (Շիրվանզադեի «Նամուս» պատմվածքի հիման վրա): Կինոստուդիայում են նկարահանվել Խորհրդային Հայաստանի ամենահայտնի ֆիլմերն ու մուլտֆիլմերը: