Վենետիկի հանձնաժողովի առաջարկներում կան որոշները, որոնք արմատական եղանակով հակասում են հայ հասարակության արժեքային համակարգին, բայց կան նաեւ առաջարկներ, որոնք իրենց տեղը կգտնեն սահմանադրական փոփոխությունների նախագծում: Այդ մասին օգոստոսի 26-ի մամուլի ասուլիսին հայտարարել է կառավարող` Հայաստանի Հանրապետական կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը` անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նախագծում նույնասեռական ամուսնությունների վերաբերյալ հոդվածին:
Նրա խոսքով, ոչ բոլոր խորհուրդներն են ընդունելի, բայց Վենետիկի հանձնաժողովի տեսակետը իհարկե հաշվի կառնվի: «Հայաստանի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հատուկ հանձնաժողովը երկար աշխատել է եւ լավ աշխատանք է կատարել: Կան, իհարկե, դիրքորոշումներ, որոնք տարբերվում են: Մենք կփորձենք այնպիսի տարբերակ ստանալ, որն առավել ընդունելի լինի»,-նշել է Արտակ Զաքարյանը:
Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերը Երեւանում օգոստոսի 25-ին հայտարարել էր, որ մարդու իրավունքների վերաբերյալ Եվրոպական դատարանի տեսակետի համաձայն միասեռ ամուսնությունները պիտի թույլատրվեն: Ավելի վաղ Վենետիկի հանձնաժողովը իր առաջարկներում նշել էր, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախագծի 34 եւ 15 հոդվածները չպիտի ընկալվեն որպես նույնասեռ ամուսնությունների արգելք:





























