«Ոչ»-ի շարժման հիմնավորումները գնալով ավելի անէական են դառնում, որովհետեւ Հայաստանում բարեփոխումները, այդ թվում նաեւ` սահմանադրական, անհրաժեշտություն են դառնում: Այդ մասին օգոստոսի 26-ի մամուլի ասուլիսին հայտարարել է կառավարող` Հայաստանի Հանրապետական կուսակցությունից Ազգային Ժողովի պատգամավոր Արտակ Զաքարյանը` անդրադառնալով այն հարցին, թե արդյոք «ոչ»-ի շարժումն ուղղված է  սահմանադրական բարեփոխումների դեմ, թե իշխանության դեմ պայքարի միջոց է:

««Ոչ»-ը կամ «այո»-ն չեն կարող ինքնանպատակ լինել: Սա այնպիսի գործընթաց է, որն ամեն տարի տեղի չի ունենում, եւ իրականացումից առաջ, այն պետք է առավելագույնս համաձայնեցված եւ լավ մշակված լինի:  Եվ «այո»-ի, եւ «ոչ»-ի համար հիմնավորումներ պիտի ներկայացվեն: Հակառակ դեպքում դա վերածվում է անհիմն քաղաքական կամակորության,- նշել է Արտակ Զաքարյանը: Ներքաղաքական գործընթացները, շարունակել է պատգամավորը, հանգեցնում են նրան, որ փոփոխությունների անհրաժեշտություն է առաջանում: Բայց սահմանադրական բարեփոխումների գործընթացը, բնականաբար, պիտի հաշվի առնի բոլոր կարծիքները: Մենք շատ ուշադիր լսում ենք բոլոր հիմնավոր փաստարկները»,-ընդգծել է Արտակ Զաքարյանը:

Այն հարցին, թե «ոչ»-ի շարժումը կարող է հետագայում դառնալ այն քաղաքական հարթակը, որի շուրջ տեղի կունենա համախմբումը, պատգամավորն ասել է. «Չեմ կարծում, թե «ոչ»-ի շարժման դեմ համախմբումն այնպիսի ուժ ներկայացնի, որ հասարակությունը հաշվի նստի դրա հետ: Քաղաքացիների մեծամասնությունը արդեն բավականաչափ հասուն է, որպեսզի պատասխանատվորեն մոտենա երկրի ապագային»: